Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ միացման ընթացքում հայտնեց, որ այսօր պատրաստվում է իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել վարչապետի պետական առանձնատուն:
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, զուտ սիմվոլի առումով, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Ինչպես վարչապետի նստավայրում ես աշխատում եմ, օրենքով սահմանված: Ընդ որում երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ, իհարկե՛, մենք հետո կմտածենք՝ օրենսդրությունը ինչպես փոխենք կամ փոխենք, թե չփոխենք, բայց այս պահին օրենսդրությամբ սահմանված վարչապետի նստավայրում ես աշխատում եմ և մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը»,- բացատրեց նա:
Առանձնատան տարածքում բնակվում են նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը. «Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ՝ օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն: Ինչպես տեղյակ եք, կառավարության այսօրվա նիստում մենք չեղյալ հայտարարեցինք հանրապետության թիվ մեկ առանձնատունը նրան սեփականաշնորհելու մասին որոշումը և ուրեմն՝ Սերժ Սարգսյանը առաջիկայում, չգիտեմ՝ ինչ ժամկետում, մեկ ամսյա ժամկետ եմ իմ հանձնարարականում սահմանել, ինքը կտեղափոխվի այլ տեղ: Ինչ վերաբերվում է Գագիկ Հարությունյանին, իհարկե՛, օրենսդրությունից կերևա՝ ինչքանով է սահմանված, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը բնակվի այդտեղ»:
Նա խոստացավ, որ առաջիկա ուղիղ եթերներից մեկի ընթացքում կներկայացնի նաև վարչապետի պետական առանձնատունը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այնպես կուզեի որ օր -օրի ավելի սիրեինք Ձեզ, Ձեր գործնեության արդյունքների հիման վրա: Ես անհավատացյալս շատ-շատ հավատում եմ Ձեզ