Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ Նահապետը դարձյալ խոսեց

Մայիս 12,2018 15:00

– Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է:
Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ` անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե նույնն էր, երբ ես պատանեկությանս տարիներին մեջքի վրա պառկած նայում էի աստղազարդ երկնքին եւ ուզում էի թափանցել-տեսնել երեւացող եւ չերեւացող աստղերից այն կողմ:

Դա նույն հայացքն էր, որին երբ երկար ես նայում, քեզ թվում է, որ դու ուր որ է՝ կանէանաս կամ կխելագարվես, ուստի ես փախցրեցի հայացքս ու լսեցի իմ Նահապետի ձայնը.

– Իզուր փակեցիր աչքերդ, միեւնույն է՝ դու փակ աչքերով էլ տեսնելու ես ինձ: Դու հարցը տվեցիր ու վախեցար իմ պատասխանից: Ուրեմն լսիր ինձ, ուշադիր լսիր: Հայրենիքը ծննդավայրը չէ, թեեւ եթե բախտդ բերել է, ու դու ծնվել ես քո հայրենիքում, քո ծննդավայրը ընդամենը մի գյուղ է կամ մի քաղաք, որը քո հայրենիքում է: Իսկ եթե ծնվել ես օտարության մեջ, ինչը որ մեր ցեղի հետ հաճախ պատահել է վերջին հազար եւ ավելի տարիների ընթացքում, դժվար ես ապրելու քո ծննդավայրում, որտեղ էլ որ դա լինի, քանի որ հայրենիքիդ կանչը, որը եթե դու նույնիսկ չես էլ տեսել, քեզ անվերջ անհանգստացնելու է:

Դուք` գրողներդ ու բանաստեղծներդ, Արարատ երգողներդ՝ չճանաչելով Արարատը շարունակում եք բարբառել հայրենիքի մասին եւ փառաբանել նրա գեղեցիկ դաշտ ու սարերը, կորցրած ծովերն ու պահպանած լազուր լճերը:
Գովերգում ու չեք ճանաչում, թե որտեղ է հայրենիքը: Չէ՞ որ ցեղեր կան, ում հայրենիքը ի սկզբանե անապատն է եղել` արեւահալած անապատը, եւ նրանք սիրում են անջուր, անծառ իրենց անապատը, քանի որ դա իրենց հայրենիքն է, ուր ամփոփված պահպանվում է իրենց արյան հիշողությունը եւ բախտը անապատակյացի:

Եվ նրանց հավերժորեն կանչում է անապատակյացի իրենց բախտը: Դու ինձ հարցրիր` ի՞նչ է հայրենիքը, ու վախեցար լսել ինձ: Մի՛ վախեցիր: Պատկերացրու քո հնագույն նախնիների կողմից կառուցված մի շքեղ տաճար, որտեղից դուրս են հանում բոլոր հին աստվածների անդրիները, բոլոր սրբապատկերները, որ քանդակվել-նկարվել ու պահպանվել են հազարամյակներով, եւ տաճարն այդ սրբազան անմիջապես կվերածվի մի մեծ ու դատարկ շենքի, որտեղ բույն կդնեն չղջիկները, կամ քոչվոր հետապնդողները ոչխար կպահեն, իսկ ձեր փառաբանած գեղեցիկ դաշտ ու սարերը կվերածեն արոտավայրերի:
Քո հայրենիքը քո քսանհինգ հազար տարվա պատմությունն է եւ քո այսօրը, ուր տերն ու ծառան դու ես… Նահապետը լռեց, մտածեց երկար եւ հանկարծ ամպրոպաձայն ասաց մի խոսք, որն ինձ սարսռեցրեց.
– Դուք ազգովի գիտեք մի գաղտնիք, որը, սակայն, աշխարհն ու աշխարհի ժողովուրդները չգիտեն:

Բայց թե ի՞նչ գիտեք դուք՝ մինչ օրս ինքներդ էլ չեք գիտակցում: Երբ ճանաչեք ձեզ տրված ճակատագիրը, նորից կդառնաք աշխարհի ժողովուրդների հայրենիքը նախաստեղծ եւ պետությունը` սրբազան օրենքների: Այսպես խոսում էր իմ Նահապետը, եւ ես աչքերս փակ լսում էի նրան, իսկ նա շարունակում էր.
– Ես ձեզ ստեղծեցի որպես աշխարհի պորտ, տվեցի արեւելքի եւ արեւմուտքի կշեռքը պահելու իրավունք, տվեցի պայմանով, որ դուք ոչ միայն աշխարհը կշռեք, այլեւ ճանաչեք ձեր քաշը ու ինքներդ դառնաք ձեր տերը, քանի որ կշեռքը պահողը հաճախ մոռանում է իր քաշը:

Եվ ասպես խոսում էր իմ Նահապետը, իսկ ես վախենում էի աչքերս բացել, չնայած տեսնում էի նրան եւ տեսնում էի կշեռքը եւ ձեռքը, որ պահում էր այն ինձանից վերեւ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031