Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք այլեւս մեջքներս ուղղած եւ նախահարձակ դիրքից պետք է գործենք»

Մայիս 12,2018 14:30

ՎՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ ամսի 14-ին ՌԴ նախագահ-ՀՀ վարչապետ հանդիպումը «շոշափողական» է լինելու

«Մինչ հեղափոխական գործընթացների գեներացիան, ես այն կարծիքին էի, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ակտիվ դիմադրության, համախմբման: Ես ոչ թե Նիկոլին չէի հավատում, այլ չէի հավատում, որ դա հնարավոր է իրականացնել: Ես սխալվեցի, եւ սա այն եզակի դեպքերից է, որ ուրախ եմ սխալվելուս համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Այսօր նա փաստում է. «Տեղի ունեցածը պատմական շրջադարձ էր մեր նորագույն պատմության մեջ: Երկար տարիների կարծրացած, միակուսակցական իշխանությունը տեղի տվեց: Ժողովուրդն իր պայքարի արդյունքում պարտադրեց մեծամասնությանն իր կամքը:

Հիացմունքով եմ վերաբերվում այդ ամենին: Ժողովրդի եւ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կատարած աշխատանքը համարում եմ հերոսություն, անհավանական բան, որը տեղի ունեցավ: Դրանով պետք է հպարտանալ: Աշխարհն է հիացմունքով նայում մեզ՝ նորովի դիտարկելով մեր ժողովրդի պոտենցիալը որպես կայացած հասարակություն, կայացած ազգ, ժողովրդավարական հիմքերով առաջ գնացող պետություն»: Լյուդմիլա Սարգսյանը համամիտ է` Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը հեշտ օրեր չեն սպասվում: Հասարակության այն հատվածին, որն աջակցել է շարժմանը, հորդորում է գիտակցել` արագ որեւէ բան տեղի չի ունենալու, խոչընդոտները բազմաթիվ եւ բազմաբնույթ են լինելու, քանզի այսօր ունենք ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժը ընդդիմություն է: Նա միանգամայն նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ի` սեփական շահը առաջ տանելու եւ իբրեւ քաղաքական միավոր քաղաքական դաշտում պահպանվելու նկրտումներին. «Շատերին դա դուր չի գալիս, արագ հաղթանակի են ձգտում, բայց նաեւ պետք է հասկանալ` այդպես չի լինում: Նիկոլ Փաշինյանին իմաստնություն եւ ողջախոհություն եմ մաղթում, որպեսզի կարողանա հաղթահարել խնդիրները եւ իր կողմից որդեգրած թեզը` Հայաստանում ատելությունը վերջացած է, միայն սիրո եւ համերաշխության մթնոլորտ պետք է ձեւավորվի, իրականություն դառնա: Ինքը հաղթողի դիրքից պետք է կարողանա հասնել դրան»:

Թեեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անցումային է լինելու, այնուհանդերձ կարեւոր են առանցքային պաշտոններում նշանակումները: Երեկ արդեն եղան նախորդ կառավարության առաջին հրաժարականները, պաշտոնանկությունները, նաեւ՝ նոր կառավարության առաջին նշանակումները: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` դրանք արդեն թույլ տալի՞ս են հետեւություններ անել: «Նշանակումները, որոնք կատարվեցին, ինձ անհայտ մարդիկ են, բացառությամբ ոստիկանապետի պաշտոնում նշանակված Վալերի Օսիպյանի: Մարդիկ, որոնք կառավարման համակարգում դրսեւորվելու առիթ չեն ունեցել, դժվար է գնահատել, թե որքանո՞վ կարդարացնեն: Ժամանակը ցույց կտա: Բայց, կողմ լինելով սերնդափոխությանը եւ կառավարման համակարգում տեխնոկրատների ներգրավմանը, շատ եմ կարեւորում նաեւ փորձառությունը: Կարծում եմ, որ չի կարելի անտեսել կառավարման փորձ արդեն ունեցող մասնագետներին ոչ առաջնային օղակներում: Դրական եմ համարում նաեւ Վիգեն Սարգսյանի, Վարդան Արամյանի այն մոտեցումը, որ լիազորությունները վայր դնելով` պատրաստ են կատարել իրենց պարտականությունները՝ փորձն ու ծրագրերի ամբողջ փաթեթը փոխանցելով նորանշանակ նախարարներին: Դա պետական մարդու մոտեցում է: Իշխանափոխությամբ Հայաստանում կյանքը չի կանգնում, եւ եթե ցանկանում ենք զարգացող պետություն ունենալ, պետք է նման ավանդույթներով առաջ շարժվենք: Հակառակ դեպքում նաեւ խաղաղության եւ համերաշխության մթնոլորտ չի լինի»,- ասաց մեր զրուցակիցը` հորդորելով ՀՀԿ-ական պաշտոնյաներին շատ դեպքերում մի կողմ թողնել կուսակցական պատկանելությունը, լայնախոհություն դրսեւորել, եւ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտեսնի նրանց մեջ պոտենցիալ, շարունակել պաշտոնավարել, քանզի այդ փորձն անհրաժեշտ է հիմա, քանզի նպատակը երկրի կայուն զարգացումն է: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ միայն այդ դեպքում կարող ենք հաղթանակ արձանագրել:

Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մեր զրուցակիցը եւս տեսնում է արտահերթ ընտրություններում. «Այս գործընթացը գործող խորհրդարանին ոչ լեգիտիմ հայտարարեց: Հասարակության այն հատվածը, որը ըստ ՀՀԿ-ականների՝ իրենց վստահության քվե էր տվել, ուղիղ ասաց` մենք ձեզ վստահության քվե չենք տվել, դուք մեզ գումար եք տվել, մենք ձեզ՝ ձայն, բայց դա չի նշանակում, որ մենք ձեր նկատմամբ ունենք այն անսահման վստահությունը, որ փորձենք մեր երկրում փոփոխությունների ճանապարհին խոչընդոտել: Գործող խորհրդարանը, ըստ էության, չի արտացոլում հանրային տրամադրությունները եւ հանրային շահը»: Թե ինչ ժամկետներում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, քանզի բանավեճի հիմնական առարկան այժմ դա է, մեր զրուցակիցը դժվարանում է ասել: Միայն մի բան գիտի` հանրային իրական տրամադրություններ արտահայտող խորհրդարան ունենալու եւ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխություններ են պետք, ռեյտինգային համակարգի վերացում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց` կան կուսակցություններ, որոնք պետք է պատրաստվեն ընտրություններին: «Միաժամանակ հասկանալի է` որքան ձգվի ընտրությունների ժամկետը, այնքան խնդիրներ են առաջանալու, այնքան վերադասավորումներ են լինելու, հասարակությունն իներտ է դառնալու, ՀՀԿ-ն հեշտությամբ չի զիջելու իր դիրքերը, փորձելու է թուլացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը»,- ասաց մեր զրուցակցը:

Սոչիում ամսին 14-ին կայանալիք Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ ՀՀ նորընտիր վարչապետին առաջին լուրջ քննությունն է սպասվում: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ այս ողջ ընթացքում իր լոյալ պահվածքի համար ՌԴ-ն գին է պահանջելու, եւ դա կերեւա հենց ամսի 14-ին: Լյուդմիլա Սարգսյանը համամիտ չէ: Ինքն այն թեզի հետեւորդ է, որ ՌԴ-ն հետեւություններ է արել իր նախկին փորձերից` Վրաստանի, Ուկրաինայի, եւ դրա հիման վրա լոյալ դիրքորոշում որդեգրեց. «Բայց նաեւ պետք է փաստել, որ ռուսական քաղաքական իսթեբլիշմենտն իրականում չէր հասցնում այն արագության մեջ, որով գնում էր շարժումը, կողմնորոշվել իր գործողություններում»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ՌԴ-ում սկսեցին նաեւ հանգիստ վերաբերվել Հայաստանում կատարվող իրադարձություններին, քանզի իրենց էմիսարները հենց տեղում համոզվեցին, որ հայաստանյան զարգացումները աշխարհաքաղաքական խնդիր չեն, այլ ներքաղաքական, ինչպես քանիցս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, ըստ նրա, կանխվեց Ռուսաստանից եկող մեծ վտանգը: Ինչ վերաբերում է հայկական ազգանուններով ռուսաստանյան վերլուծաբանների ոչ հայանպաստ վերլուծություններին, մեր զրուցակիցը դրանք համարում է ուղղակի անբարոյականություն. «Նրանք ուղիղ ռուսական շահերի ներկայացուցիչներ են»: Իսկ դառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանն էլ՝ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, այն զուտ «շոշափողական» հանդիպում է լինելու. «Նիկոլ Փաշինյանը բացարձակ լեգիտիմություն ունեցող վարչապետ է: Մի բան, որը նախկինոմ չենք ունեցել: Պետք է տրամադրությունները շոշափեն եւ հասկանան` ինչպե՞ս վարվել Հայաստանի նոր իշխանութան հետ: Ի դեպ, Արցախում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, ահազանգ է բոլոր կողմերին, որ Հայաստանի հետ նախկինի նման խոսել հնարավոր չէ: Մենք այլեւս մեջքներս ուղղած եւ նախահարձակ դիրքից պետք է գործենք` ազգային շահերի պաշտպանության դիրքից»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031