Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստնությո՞ւն, թե՞……

Մայիս 12,2018 14:00
sahmanadrutyun

Երեկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի թափուր պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրելու: Այսպիսի որոշումը ընդունելիս իրենք առաջնորդվել են պետական շահով: Միանգամից նշեմ, որ այդ որոշումը ամբողջությամբ կանխատեսելի էր եւ ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունը երկարաձգելու իրենց նկրտումներին, այն է՝ գործող կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանությունը, եւ իրեն ձեռնտու ձեւով կազմակերպում եւ անցկացնում է նոր ընտրությունը: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ ցանկացած թեկնածու չստանա ձայների անհրաժեշտ քանակը եւ այդ դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն արձակվում է: Եվ որքանով իրենք ունեն պարզ մեծամասնություն, այս խնդիրը կարող է հեշտությամբ լուծվել եւ իրենք կհասնեն իրենց նպատակին: Ավելին, այդ ճանապարհով այդ նպատակը կունենա օրինականության լուսապսակ:

Ստիպված եմ արձանագրել, որ հիշյալ որոշումը ամբողջությամբ հակասում է պետական շահին, ինչը նրանք վկայակոչում են, եւ որ ավելի կարեւոր է՝ գործող Սահմանադրությանը: Փորձեմ բացատրել: Սահմանադրությամբ սահմանվում է խորհրդարանական կայուն մեծամասնություն, ինչը ենթադրում է, որ այդ մեծամասնությունը կարողանա ընդունել որոշումներ, ձեւավորել կառավարություն եւ այլն: Այսինքն՝ կայուն մեծամասնության առաջնահերթ պարտականությունն է ձեւավորել իշխանություն, ինչից փաստորեն փորձում է խուսափել այսօրվա կայուն մեծամասնությունը, դրանով իսկ անտեսելով նաեւ պետական շահը: Իսկ ինչո՞ւ է խուսափում. այն պարզ պատճառով, որ եթե մեծամասնությունը ընտրի վարչապետ, մենք կհայտնվենք ապրիլի 23-ի վիճակում, պարզապես մի անձը կփոխարինվի մի այլ անձով եւ ամեն ինչ կկրկնվի, ինչը իշխանություն պահելը կդարձնի անհնարին: Այդ պատճառով էլ իշխանությունը գոնե մի փոքր երկարաձգելը դառնում է հրատապ եւ միակ ճանապարհը:

Այժմ անդրադառնանք մի այլ խնդրի: Այս օրերին շատերը, այդ թվում բազմաթիվ պետություններ (ԱՄՆ, Ռուսաստան եւ այլք) կոչ են անում բոլոր գործողություններում ղեկավարվել Սահմանադրությամբ եւ օրենքներով: Արտաքուստ կարծես թե վատ չէ: Սակայն կարծում եմ՝ միանշանակ է, որ գործող Սահմանադրությամբ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծել պարզապես անհնար է: Իշխանության ձեւավորման առումով, թե ինչի է հանգեցնում Սահմանադրությունը, արդեն վերը նշեցի: Բացի այդ, այն օրը, երբ Ս. Սարգսյանը ընտրվեց վարչապետ, ակնհայտ դարձավ, որ արդեն 2015թ. կատարված սահմանադրական փոփոխությունների նպատակը Ս. Սարգսյանի իշխանությունը երկարաձգելն է, իբր օրինական ճանապարհով: Սակայն այդ գյուտը նորություն չէր. պոստսովետական բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, ԵԱՏՄ պետությունները, իրավական ձեռնածության հնարքները վաղուց փայլուն իրականացրել են:

Այն պնդումները, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման, ավելի ժողովրդավարական կարգավիճակի եւ այլն, պարզապես դեմագոգիայի վառ դրսեւորում է: Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ գործող Սահմանադրությունը ամբողջապես համապատասխանում է իշխող կլանի քիմքին ու ճաշակին եւ կոչված է ամրագրել միակուսակցական համակարգի գոյությունը եւ ապահովել ստեղծված բուրգի կայունությունը: Չեմ ցանկանում անդրադառնալ Սահմանադրության այլ դրույթներին, այդ մասին մի այլ առիթով, սակայն համոզված եմ, որ նոր իշխանության առաջնահերթ խնդիրն է ստանձնել նոր Սահմանադրություն ստեղծելու գործը, առանց որի դժվար է պատկերացնել հնարավոր առաջընթացը: Սահմանադրությունը իսկապես պետք է լինի ազգային համաձայնության եւ քաղաքական միասնության հիմքը (այդ մասին խոսվել է «Սահմանադրությունն իբրեւ քաղաքական միասնության խարիսխ» հոդվածում («Առավոտ.ամ», 17 նոյեմբերի 2016թ.):

Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել բոլոր իշխանություններին, որ բոլոր երկրների պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանություն ունենալը երկարաձգվում է, իշխանությունները այլասերվում են (վերջին բառը իմը չէ, այլ փոխառնված է Մարդու եւ քաղաքացու իրավունքների Ֆրանսիական հռչակագրից), հետեւաբար ժամանակին իշխանությունը վայր դնելը կվկայի քաղաքական-պետական գործիչների իմաստնության մասին:

Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ գործող ՀՍՍՀ Սահմանադրությունը շարունակում է գործել այնքանով, որքանով չի հակասում ՀՀ անկախության մասին հռչակագրին:

Եվ վերջում. կարծում եմ, որ խորհրդանշական է, որ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց 1988, 1998, 2008 եւ 2018 թվականներին: Այսինքն՝ ժողովուրդը թույլ չի տալիս 10 տարուց ավելի իշխել, անհրաժեշտ է սահմանափակվել, այն, ինչը ամրագրված է Սահմանադրությամբ: Սահմանադրությունը ոչ միայն իրավական տեքստ է, այլեւ ոգի, որքանով նրանում ամրագրված են արժեքները, ժողովրդի իղձերը եւ սպասումները: Այժմ մեզ պետք է մեր Ադենհաուերը, որ կարողացավ ստեղծել մի Սահմանադրություն, որով գերմանական ժողովուրդը իր ընկճված վիճակից դուրս եկավ եւ ապահովեց իր վեհությունը:
Ժամանակն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հետեւի Ս. Սարգսյանի խորհրդին. առաջ գնա տրամաբանությամբ:
29.04.2018

Իմաստնությո՞ւն,

թե՞… 2

Ցանկանում եմ հիշեցնել բոլոր իշխանավորներին, որ մարդու իրավունքները պաշտպանելը ձեր անմիջական պարտականությունն է: Հանրահավաքների ժամանակ ցանկացած անկարգություն, իրավազանցություն կանխելը նույնպես ձեր պարտականությունն է: Եթե կա պրովոկացիա, անկախ այն բանից, թե որ ճամբարից է կատարողը, նույնպես ձեր պարտականությունն է:

Օրերս մեր շատ պաշտոնյաներ եւ անգամ ՄԻՊ-ը խոսում են մարդու անձնական տվյալների գաղտնիության ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենալով մի շարք պաշտոնյաների հեռախոսահամարների հրապարակումը եւ գտնում են, որ դա անթույլատրելի է: Սիրելիներս, ախր դուք մոռանում եք մի չափազանց պարզ ճշմարտություն, որ պաշտոնյան, առավել եւս պատգամավորը, պարտավոր է ինքը հրապարակել իր հեռախոսահամարը եւ պատասխանել անխտիր բոլոր հեռախոսազանգերին, բացատրել իր դիրքորոշումը, իր գործողությունները: Եթե անգամ հայհոյում են (յուրաքանչյուրը իր դաստիարակությանը համապատասխան), փորձեք հասկանալ, թե ինչու եւ պատասխանել ոչ թե հայհոյախոսությամբ, այլ ձեր դաստիարակությանը համապատասխան (եթե, իհարկե, դուք դաստիարակված եք):
Խնդրում եմ հասկացեք, որ չինովնիկը մարդ չէ (սա ընդունեք որպես կատակ եւ նաեւ հիշեք, որ կատակում միշտ կա ճշմարտության հատիկ), այլ նա առաջին հերթին պատասխանատվություն է եւ պարտականություն:

Այժմ հանդուրժողականության մասին: Հանդուրժողականությունը այն չէ, որ եթե դուք թքում եք մարդու երեսին, ձեր քայլերով խանգարում եք նրա բնական կյանքը, ապա նա պետք է հանդուրժի ձեր այդ քայլերը: Այդ դուք պետք է լինեք հանդուրժող, ոչ թե նրանք եւ այդ դեպքում իսկապես կնպաստեք հանդուրժողական մթնոլորտի ստեղծմանը:
Ասվածը վերաբերում է ոչ միայն այսօրվա չինովնիկներին, այլեւ բոլոր նրանց, որոնք վաղն են դառնալու այդպիսին:

03.05.2018
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031