Հեղինակն իր այս դիտարկումները կատարել է ապրիլի 21-ին
Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ հայկական պետականության համար գոյություն ունեն երկու առարկայական վտանգներ: Առաջինը՝ ներքին, ի դեմս կառավարման օլիգարխիկ համակարգի, ինչը դանդաղ սպանում է Հայաստանը: Այս օրերին Երեւանի փողոցներում հայ երիտասարդությունը տվյալ սպառնալիքին արձագանք ձեւավորելու գործընթաց է սկսել: Արդյունքը, հուսով եմ, կլինի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական մենաշնորհների եւ դրանց հետեւանքների ոչնչացումը: Երիտասարդությունն անում է իր բաժինը, մտավորականները, հուսով եմ, կանեն իրենցը եւ ապա, քաղաքական գործիչները կձեւակերպեն որոշում:
Երկրորդ սպառնալիքը՝ արտաքին, ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, որի դեմ արձագանք այսօր հիմնականում գոյանում է Արցախում եւ վերջերս Հայաստանի Հանրապետության հյուսիսում, մոտ ապագայում նաեւ հարավում՝ նախիջեւանյան ուղղությամբ: Այնուամենայնիվ, հիմնական բեռը ծանրանում է արցախահայության ուսերին: Այո, մենք մեկ բանակ ունենք եւ Արցախի պաշտպանությունը համահայկական խնդիր է առաջին իսկ օրերից, սակայն սոցիալ-հոգեբանական եւ ռազմական ծանրաբեռնվածությունը հիմնականում Արցախի հայությունն է կրում: Բազում տարիներ ու տասնամյակներ ապրել Ճակատից հաշված կիլոմետրերի վրա, մարտական հերթապահության ճանապարհել ամուսնուն, որդուն, եղբորը եւ սպասել՝ սա քայքայող ծանրություն է, որը ժամանակի ընթացքում դադարում ես նկատել, բայց այն ոչ մի տեղ չի կորչում եւ պարբերաբար դրսեւորվում է այնպիսի ձեւերով, որ… Բայց այսպիսին է իրականությունը եւ այն դեռ կպահպանվի տասնամյակներ:
Այսօր, բարեբախտաբար, երկու սպառնալիքները տարանջատված են՝ աշխարհագրորեն, քաղաքականապես եւ այլով, եւ տվյալ տարանջատումը հարկ է պահպանել: Չի կարելի երկու սպառնալիքների առճակատման միաժամանակյա ակտիվ փուլի անցնել եւ կանգնել երկու ճակատով դիմակայելու անհրաժեշտության առաջ: Համաշխարհային պատմությունը միարժեքորեն ասում է, որ նման հակամարտությունը ավարտվում է աղետով:
Այո, սա մեկ պատերազմի երկու ճակատներն են, բայց պետք է ջանքերը կենտրոնացնել ճակատներից մեկում եւ հաղթանակի ձեռքբերումից հետո ջանալ արդեն մյուս ճակատում: Արցախն այսօր պահում է հրադադարը, հայ ժողովրդին հնարավորություն տալով բարձրացնել ու լուծել խնդիրներ Երեւանում: Երեւանում բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն եւ կմարեն, եթե Արցախում սկսվեն խոշորածավալ ռազմական գործողություններ:
Կարճ եզրահանգում «մեկ տողով»: Պահում ենք երկու ճակատները, ամեն մեկս՝ իր, թույլ չենք տալիս գործողությունների փոխհոսք մեկից մյուսին, կանխում ենք ճակատների ու սպառնալիքների մեկտեղումը: Արցախի հայերն ու հայկական բանակը Արցախում, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի հայերը քաղաքական պայքար են տանում Երեւանում եւ ՀՀ տարածքում, եւ Սփյուռքում:
Առաջարկում եմ.դադարեցնել միանալու Արցախին ուղղված կոչերը: Այն արդեն պայքարի մեջ է: Դադարեցնել եւ կասեցնել ռազմական սպառնալիքի դիմելու փորձերը, Ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքը որպես փաստարկ չգործածել Երեւանում ակտիվությունը սառեցնելու համար: Կանխել եւ կոպտորեն միջամտել հայկական բանակը երեւանյան գործողություններում ներքաշելու ցանկացած փորձի: Դա կլինի հանցագործություն հայ ժողովրդի առաջ: Դեպի Երեւան բանակի շեղումը հարվածի տակ կդնի արտաքին ճակատը: Միանգամայն կարող ենք աղետ վաստակել:
ՀՐԱՉՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ռազմական փորձագետ,
Ստեփանակերտ
Հ.Գ.-Արդեն ինչ-որ տեղ զայրալից, հուզախառն, որպես արցախահայ. ի վերջո «Միացում» կարգախոսից հրաժարումը եւ արցախահայության նկատմամբ դավաճանությունը փաստացի կայացել է Երեւանում: Արցախին պարտադրեցին գնալ երկրորդ պետությունը ստեղծելու ճանապարհով: Հենց հայկական իշխանությունը Երեւանում գիտակցված ու նպատակաուղղված բաժանում եւ անջատում է Արցախն իրենից, մեկուսացնելով այն: Հենց հայկական իշխանությունը Երեւանում չի համաձայնում կատարել իր պարտականությունները հայ ժողովրդի առաջ եւ գնալ արցախյան խնդրի վերջնական լուծմանը, երբ Արցախը հայտնվում է միացյալ Հայաստանի կազմում: Երեւանում շրջադարձ է հարկավոր: Սկզբում Երեւանում, եւ ապա Արցախում, ընդ որում՝ Երեւանում հաղթանակից հետո, երբ ձեռք է բերվում նոր որակի հայկական պետականություն, արցախյան խնդիրը՝ որպես միջազգային- իրավական, լուծում կստանա «հաշված օրերի» ընթացքում՝ ի մեծ թեթեւություն արցախահայության: Հայկական պետականության հոգեխանգարումը (շիզոֆրենիա) պետք է լուծել Երեւանում: Արցախում միայն ախտանշաններն են, բայց ոչ հիվանդության պատճառները:
«Առավոտ»
11.05.2018