Լրահոս
Օրվա լրահոսը

Պարուսույցը՝ իր գրքի, նաեւ «հաղթիր կամ մեռիր» սկզբունքի մերժման մասին

Մայիս 12,2018 13:00

Պարարվեստն ընդհանրապես, այդ թվում՝ հայկականը, ունի խոր ակունքներ եւ կրում է Արեւելքի հնագույն ժողովուրդների ու անտիկ աշխարհում տարբեր ազգերի մոտ ձեւավորված այս արվեստի ազդեցությունը: Սերնդեսերունդ փոխանցվելուց ու որոշակի փոփոխություններ կրելուց հետո այն, միեւնույն է, պահպանել է իր հիմքում ընկած ու միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային եւ երաժշտական առանձնահատկությունները: Այդուհանդերձ, պարարվեստի տարբեր ուղղությունների հիմքում դասականն է:
Տարբեր ժամանակներում, մեր օրերում նույնպես, այս ոլորտին առնչվող մասնագիտական բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

«Առավոտի» ուշադրությունը գրավեց բալետի արտիստ, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի դաստիարակչական գծով պատասխանատու Անդրանիկ Սարգսյանի վերջերս լույս տեսած «Պարային շարժումների յուրացման իդեոմոտոր առանձնահատկությունները» աշխատությունը: Միայն մասնագետներին հասցեագրված այս գրքում առաջին անգամ տեղ է գտել հոգեբանական գործոնի դերը (ինչը հաստատեցին մեզ հետ զրուցած պարուսույցները) սկսնակ պարողից մինչեւ բալետի արտիստ:

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Սարգսյանը նշեց, որ ուսուցման գործընթացը իր մեջ պետք է ներառի ինչպես ֆիզիկական ու տեխնիկական, այնպես էլ հոգեբանական եւ մտավոր միջոցներ, մեթոդներ: «Հոգեբանական նախապատրաստման եւ մեթոդական ապահովման խնդիրը թերեւս առավել արդիական է սկսնակ պարողների դեպքում: Հաճախ նախնական ուսուցման փուլում պարապմունքներն ուղեկցվում են այնպիսի «ոչ պարային» խնդիրներով, ինչպես անսովոր ֆիզիկական լարումները, վախը, վնասվածքները եւ դրանց ուղեկցող ցավի, նաեւ վախի, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը եւ այլն: Սա դժվարացնում է սաների կողմից շարժումների յուրացման գործընթացը եւ կարող է սկզբից եւեթ հանգեցնել հիասթափության: Հենց այստեղ է, որ հանդես է գալիս դասավանդման հոգեբանական մեթոդների եւ հնարքների կիրառման անհրաժեշտությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Հետո էլ հավելեց. «Ոչ ճիշտ հոգեբանական պատրաստության կամ ընդհանրապես դրա բացակայության դեպքում ի հայտ են գալիս դասավանդման գործընթացը խոչընդոտող բազմաթիվ բացասական գործոններ: Որոշ մասնագետների կարծիքով՝ հաղթանակի ձգտումը իր բոլոր դրական կողմերով հանդերձ, կարող է առաջացնել նաեւ գերբարձր (չափազանցված) ինքնահսկողություն եւ ինքնատիրապետում, ինչը կարող է հոգեբանական պատրաստվածության անբավարար մակարդակի դեպքում հանգեցնել ինքնաբուխ գործողությունների եւ զգացմունքների ճնշմանը: Կարճ ասած՝ պարուսույցի «հաղթիր կամ մեռիր» սկզբունքի վրա կառուցված չափից դուրս խիստ վերաբերմունքն ու դասավանդման հոգեբանական գործոնները արհամարհելով, զուտ տեխնիկական եւ ֆիզիկական կողմի շեշտադրումը կարող է հանգեցնել նրան, որ աշակերտը սկսի խեղդել իր բնական իմպուլսները եւ արդյունքում կունենանք գերազանց տեխնիկայի վրա կառուցված պար՝ կաշկանդվածության, սառնության, իներտության տարրերով, ավելին՝ ցանկացած շարժման ուսուցումը պետք է սկսել այն մտովի ճշգրիտ պատկերացումից, ուղեղի մեջ ձեւավորել եւ կատարելության հասցնել շարժման մտապատկերը կամ իդեոմոտոր մարմնամարզությունը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ իդեոմոտոր մարզումը պետք է պարտադիր նախորդի իրական մարզումներին»,- հավաստիացնում է մասնագետը:

Անդրանիկ Սարգսյանը՝ տիկնոջ հետ:

Հետաքրքրությանը՝ ձեր եւ ձեր տիկնոջ՝ պարուսույց, փորձավար Ռուզան Հովհաննիսյանի հետ իրականացնո՞ւմ եք այդ ամենը «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում, արվեստագետը պատասխանեց. «Այո, սաների հետ անցկացնում ենք հոգեբանական զրույցներ եւս»:

Շուրջ 10 տարի Անդրանիկ Սարգսյանը որպես մենապարող հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նրան հանդիպել ենք Ադանի «Ժիզել», «Լորկիանա», Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» եւ այլ բեմադրություններում: Մինչ թատրոն մուտք գործելն էլ նա վերապատրաստվել է Փարիզի «Մոդեռն» (CNDC) պարարվեստի ակադեմիայում, հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան երկրներում, մասնակցել է նաեւ միջազգային մրցույթ-փառատոների՝ որպես ժյուրիի անդամ: Չի՞ պատրաստվում թատրոնում հանդես գալ նաեւ որպես խորեոգրաֆ հարցին՝ արվեստագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ իմ ժամանակն էլ կգա թատրոնում իրականացնել մոդեռն ոճի բեմադրություն, ինչը մեծ հաշվով ակնկալում է ազատություն, որն անհրաժեշտ է ոչ միայն դերասանին, այլ նաեւ յուրաքանչյուր մարդու: Հաճույքով կաշխատեմ թատրոնում, որտեղ գործում է հիանալի խումբ, նախ ճանաչում եմ յուրաքանչյուր արտիստի, իսկ նրանց թվում կան այնպիսիք, որոնք իսկապես համապատասխանում են միջազգային բարձր որակմանը»:

Զրույցի ընթացքում արվեստագետը նշեց, որ գրքի առիթով, ինչը երեք տարիների աշխատանքի արդյունք է, իր որոշ գործընկերներից լսել է տարբեր գնահատականներ, այդ թվում՝ «Պարարվեստին թողեցիր մասնագիտական, գիտական գրականություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031