Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ մի մտահղացման մասին

Մայիս 12,2018 12:30

Վերջերս հրապարակ իջավ ուշագրավ անվանմամբ Վրեժի «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» կառուցման հիմնադրամը:

Հեղինակը Վրեժ Աբրամյանն է: Ծնվել է Իրանում, ուսանել է Գերմանիայում, որտեղ էլ ստեղծել է սեփական ընկերությունը: 1999-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա Իրանի Իսլամական եւ Գերմանիայի Դաշնային հանրապետությունների քաղաքացի է: 2015-ին Վրեժ Աբրամյանը հանրության դատին ներկայացրեց «Նոյան տապան քաղաքը Հայաստանում, խաղաղության եւ ռասաների ու կրոնների համերաշխության քաղաք» մեգա նախագիծը: Այն տպագրվեց պատկերագրքի տեսքով եւ տարածվեց հանրապետության կրթօջախներում, գրադարաններում, ներկայացվեց իշխանության եւ կառավարության մարմիններին: Երկու տարի անց նա երկու այլ նախաձեռնությամբ հանդես եկավ «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» գիտամշակութային եւ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» զբոսաշրջային նախագծերով:

Այսօր հեղինակը վերջին նախագիծն է համարում առաջնային եւ սկսել է դրա հետ կապված աշխատանքները:

Այս առիթով տողերիս հեղինակը հանդիպեց հեղինակի հետ, խնդրելով ներկայացնել «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» զբոսաշրջային նախագիծը:

«Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանը եւ Երեւանը գրեթե անճանաչելի են աշխարհում, քանի որ բավականաչափ լիարժեք չեն ներկայացվում, դուրս են մնում համաշխարհային զբոսաշրջության ճանապարհային քարտեզներից: Բայց չէ՞ որ մեր երկրի պատմությունն ու մշակույթը իրենց հարստությամբ եւ բազմազանությամբ, հավատացեք, չեն զիջում այն երկրներին, որոնք հսկայական քանակով զբոսաշրջիկների են հյուրընկալում եւ մեծ գումարներ վաստակում: Չնայած մեր կառավարությունը ջանք չի խնայում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար, այնուամենայնիվ, 2017-ին Հայաստան է ժամանել ընդամենը 1,5 մլն զբոսաշրջիկ: Սա ամոթալի թիվ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ 1,5 մլն մարդկանց թվում շատ են մեր հայրենակիցները, ապա ասածս հաստատվում է ամբողջովին: Տեսեք, հարեւան Վրաստանը մի քանի անգամ ավելի զբոսաշրջիկ է ընդունում, շահում են եւ՛ երկրի բյուջեն, եւ՛ նրա քաղաքացիները: Տարեկան 12 մլն հյուր է ընդունում Ստամբուլը: Եթե նրանցից յուրաքանչյուրը անգամ 1000 դոլար թողնի, ապա պատկերացրեք, թե ինչ մեծ օգուտ են նրանք տալիս այդ երկրին: Եվ ահա ես կամենում եմ գաղափարներս իրագործել եւ օտար մարդկանց հրապուրել դեպի Հայաստան ձեզ ծանոթ նախագծերի իրականացմամբ:

Ըստ էության, Հայաստանը աշխարհին նույնքան ծանոթ չէ, որքան որ ծանոթ են թեկուզ մեր հարեւան երկրները՝ Իրանը, Թուրքիան եւ Վրաստանը: Այն, որ Հայաստանը շատ նշանավոր անհատների հայրենիքն է եւ գտնվում է Արարատ լեռան դեմ հանդիման, առաջինն է աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն, եւ Վատիկանում էլ տեղադրվեց Նարեկացու արձանը, դեռեւս բավարար հանգամանքներ չեն: Բացի դրանից, ՀՀ-ում բավականին թանկ են հյուրանոցները, այնքան թանկ են, որ թվում է, թե Հայաստան են ժամանում միայն մեծահարուստներ: Իսկ ճանապարհների եւ ենթակառուցվածքների մասին անգամ չարժե խոսել. նկատի ունեմ հետեւյալը. քիչ թե շատ որակյալ մայրուղուց թեքվելով, դիցուք, զբոսաշրջիկների խումբը փորձում է մոտենալ այս կամ այն նշանավոր հուշարձանին եւ վախեցած հետ է դառնում, քանի որ ճանապարհը քարուքանդ է: Այսինքն՝ աշխարհի ծայրից քաղաքակիրթ ձեւով զբոսաշրջիկները հասնում են Երեւան, ճանապարհ են բռնում դեպի վանք կամ լիճ, սակայն վերջին մի քանի հարյուր մետր ճանապարհը անզոր են հաղթահարելու: Ասենք, միջհանրապետական որոշ ճանապարհներ եւս դեռ հեռու են բարվոք վիճակից: Օրինակ, դեպի Գառնի եւ Գեղարդ տանող նեղլիկ ու անտերության մատնված ճանապարհը առհասարակ շատ հեռու է քաղաքակրթությունից:

Նախ, փորձենք հասկանալ եւ մեզ համար ականջի օղ դարձնել, թե ինչն է զբոսաշրջիկին որեւէ անծանոթ երկիր հրապուրում: Հնագույն հուշարձաններ կան շատ վայրերում: Դրանցով այսօր, շատ կներեք, դժվար է աշխարհին զարմացնել: Ազգային խոհանոցի առումով վերջին տեղում չենք, բայց ողջ աշխարհն է իր յուրօրինակ խոհանոցը հրամցնում իր հյուրերին: Ծով չունենք, բայց ունենք Սեւանա լիճ: Այս ամենը չեմ նշում որպես թերություն. հուշարձանները, խոհանոցը, ազգային ծեսերը, Արարատ լեռն ու Մատենադարանը, Խոր վիրապն ու Զվարթնոցը եւ շատ այլ բաներ մեր պատմության եւ մշակույթի գանձերն են, եւ դրանք կարող ենք ներկայացնել աշխարհին: Բայց ներկայացվող նախագիծն ունի իր գաղափարական առանձնահատկությունը, որը գուցե նաեւ նշանաբան է՝ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում այն եզակի կենտրոնն է, որը նախադեպ չունի աշխարհում»:

Պուրակի մուտքը նշանավորվում է Հաղթական կամարով, բայց սա Փարիզի եւ այլ քաղաքների հաղթական կամարը չէ: Այն խորհրդանշելու է հայոց թագավորական հարստությունները, նրանց զինանշաններով, մարտակառքերով, կառուցած քաղաքների խորաքանդակներով եւ այլն: Այսինքն, Հաղթական կամարը տպավորվելու է այցելուների մեջ եւ նախապատրաստելու է նրանց մուտքը դեպի պուրակ:
Կառուցելու ենք հայկական պետականության հիմնադիր թագավորների եւ թագուհիների, ինչպես նաեւ նշանավոր զորավարների եւ գործիչների արձանները, հուշարձանները, արձանախմբերը եւ այլն: Եկեք չմոռանանք, որ մեր պետությունները ստեղծած եւ դրանք պահպանած թագավորների եւ գործիչների արձաններ ստեղծելու տեսանկյունից բավականին ծույլ եւ անտարբեր ենք գտնվել: Պուրակի կենտրոնում հրապարակն է, իսկ հրապարակի կենտրոնում վեր կխոյանա Արտաշես Աշխարհակալի արձանը: Պուրակում կտեղադրվեն Արա Գեղեցիկի եւ Աբգար արքայի, Տիգրան Մեծի եւ Պապ թագավորի, Արգիշտիի եւ Գագիկ արքայի, Դավիթ-Բեկի ու Կիլիկյան արքաների, Զաբել թագուհու եւ այլոց արձանները: Չեն անտեսվի վերջին շրջանի գործիչներն ու կառավարիչները՝ Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Յակով Զարոբյան, հայ զորավարներ եւ այլք: Խնդիրն այն է, որ եւ՛ օտարները, եւ՛ հայերս այստեղ կարող ենք հիանալ հայոց պատմությամբ, հայկական պետությունների բարգավաճմամբ եւ այլն: Հասկանալի է, որ արձանները, քանդակներն ու հուշարձանները պետք է բարձրարվեստ լինեն, կերտված պետք է լինեն լավագույն նյութից, պետք է ստեղծեն մի աննախադեպ պատմամշակութային միջավայր, որտեղ կարելի է եւ՛ գիտելիք ձեռք բերել, եւ՛ հանգստանալ:

Պուրակից դեպի կիրճ անցումը կկատարվի կամուրջների միջոցով: Այստեղ կտեղադրվեն վերջին 10 հազար տարիների նշանավոր արքաների եւ գործիչների արձանները, սկսած շումերական թագավորներից, Ալեքսանդր Մակեդոնացուց եւ Հաննիբալից մինչեւ Իոսիֆ Ստալին, Ջոն Քենեդի, Վլադիմիր Պուտին եւ այլք: Ընդ որում, արդեն նամակներ եմ հղում տարբեր երկրներ, որպեսզի նրանց կառավարություններն ապահովեն իրենց արքաների արձանների պատրաստումը եւ տեղադրումը կիրճում: Այսպես, Իրանը կպատրաստի իր բազմադարյան պատմության նշանավոր շահերի եւ գործիչների արձանները: Իսկ անհետացած պետությունների (Ասորեստանի, Շումերի, Աքքադի եւ այլն) խնդիրը կհոգանք ինքներս: Հավելեմ, որ պատմական շատ նշանավոր իրադարձություններ թե՛ պուրակում, թե՛ կիրճում կներկայացվեն առանձին արձանախմբերով: Օրինակ, Թեհրանի կոնֆերանսը Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի մասնակցությամբ:

Ծախսերն իսկապես մեծ են, սակայն չէ՞ որ մեծ է նպատակը, այսպես ասած, մեծ նավին՝ մեծ նավարկություն: Այս եւ մյուս նախագծերը մեր պետության շենացմանն են ուղղված, եւ համոզված եմ, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ սփյուռքում կգտնվեն մարդիկ, ովքեր կկամենան ներդրումներ կատարել: Այս նախագիծը մի քանի հարյուր աշխատատեղ կստեղծի թե՛ շինարարության, թե՛ կենտրոնը սպասարկելու տեսանկյունից: Մշտապես կսպառվի շրջակա գյուղերի հաճախ գետնի վրա մնացող բնամթերքը, բազմաթիվ քանդակագործներ եւ դեկորատիվ-կիրառական արվեստի տաղանդավոր վարպետներ կաշխատեն այստեղ: Ես երկար տարիներ ապրել եւ աշխատել եմ Գերմանիայում, շրջագայել եմ Եվրոպայով մեկ, ծանոթ եմ Ամերիկային եւ վստահեցնում եմ՝ քաջատեղյակ եմ, թե ինչն է գրավում մարդուն օտար երկրում: Պուրակում եւ կիրճում տեղադրված արձանախմբերը եւ քանդակները իրենց հատուկ պատմական միջավայրում կներկայացնեն տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստը, մշակույթն ու քաղաքակրթական մակարդակը: Ազգային խոհանոցները կգերազանցեն բոլոր սպասելիքները: Մասնավորապես պուրակում կմատուցվեն եւ՛ հայ արքունիքի, եւ՛ հայ գեղջուկների նախընտրած ուտեստները եւ խմիչքը: Ավելորդ եմ համարում նշել, որ սպասարկումը կլինի միանգամայն պատշաճ, Երեւան-Սեւան մայրուղուց մինչեւ կենտրոն հասնող ճանապարհը՝ բարեկարգված, կենտրոնը՝ ծառապատված լիուլի եւ այսպես շարունակ»:

Պատրաստեց ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

11.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031