Սիրելի Աշխարհատարած Հայեր,
2008թ. հոկտեմբերից ես իմ համախոհներով Ձեր անմիջական աջակցության շնորհիվ ստեղծեցինք և կայացրեցինք ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հայաստանի անկախացումից հետո սփյուռքահայերի ոգևորությունը, Հայրենիքին ծառայելու ցանկությունը շատ դեպքերում մնում էր չհամակարգված և այդ պատճառով էլ Դուք հաճախ հիասթափվում էիք, երբ չէինք կարողանում գտնել Ձեր հարցերի պատասխանները:
Սփյուռքի նախարարությունը դարձավ այն դուռը, այն կենտրոնը, որտեղ լսեցին Ձեզ, գործակցեցին Ձեզ հետ, քննարկվեցին բազում-բազում հարցեր Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ, մշակվեցին և իրականացվեցին մեծաթիվ հայանպաստ ծրագրեր:
Տարիների ընթացքում եղա շատ համայնքներում, զգացի Ձեր ազգային ոգին, հայրենասեր տեսակը և երիտասարդությանը հայ պահելու հերոսական քայլերը ու ձգտումը: Ձեզանից ես շատ բան սովորեցի, Դուք եղաք իմ խորհրդատուն ու աջակիցը, բարեկամն ու ընկերը:
Ավելացավ վստահությունը մեր նկատմամբ, ստեցծվեցին ամուր գործակցություն և ամուր կապեր, Սփյուռքն առավել մոտեցավ Հայրենիքին` շնորհիվ Հայաստանում և Սփյուռքում տքնաջան աշխատանքի:
Վստահ եմ` մեր ցանած սերմերը և բացած ճամփաները ու ակոսները առավել կխորանան և նոր ու առատ պտուղներ կտան:
Խորապես շնորհակալ եմ, զգացված եմ, հպարտ եմ, որ առիթ եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու, վայելելու Ձեր ջերմ ու մարդկային վերաբերմունքը: Համոզված եմ, որ նոր Հայաստանում երիտասարդական ավյունով առլեցուն կառավարությունը կշարունակի սիրով և նվիրումով կերտել մեր երկրի ապագան:
Համոզված եղեք, որտեղ էլ ներդրվի իմ ծառայությունը, այն նվիրվելու է ժողովրդիս և Հայրենիքիս բարօրությանը:
Միշտ Ձեր` մասնագիտական և մարդկային նվիրումով
Հրանուշ Հակոբյան