Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ լավ չընդունեցին, տնօրենի պաշտոնից հրաժարվեցի»․ Արմինե Էլբակյան

Մայիս 11,2018 23:33

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնի շուրջ պատմություն էր ծավալվել․ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մրցույթն անցած երկու թեկնածուներից տնօրենի պաշտոնում նշանակել էր էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանին, որն էլ հարուցել էր մյուս թեկնածուի՝ Լիանա Աբրահամյանի դժգոհությունը։ Վերջինս մեզ հետ զրույցում նեղվել էր, թե իր համար անհասկանալի է մնացել Շիրակի մարզպետի որոշումը։

Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց մեզ՝ նշելով, որ Լիանա Աբրահամյանը, նշանակվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ոչ մի էական փոփոխություն չէր արել ծննդատան գործունեության մեջ․ ավելին, նա որպես բանվոր աշխատանքի էր տեղավորել իր որդուն, որն անընդունելի է Արթուր Խաչատրյանի համար։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ ինքը նախապատվությունը տվել է Արմինե Էլբակյանի ներկայացրած ծրագրին։ Նշենք, սակայն, որ Արմինե Էլբակյանը, 3 օր պաշտոնավարելով, հրաժարական էր ներկայացրել։

Մենք զրուցեցինք նաև Արմինե Էլբակյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց և մի՞թե իրեն այդ պաշտոնում նշանակելու համար դերակատարություն է ունեցել Դաշնակցություն կուսակցությունը․ ըստ Լիանա Աբրահամյանի, Արմինե Էլբակյանի ամուսինը՝ Արթուր Զաքարյանը դաշնակցական է։

Արմինե Էլբակյանը փոխանցեց, որ իր ամուսինը անկուսակցական է։

Նա նաև ասաց, որ Արթուր Խաչատրյանին ծանոթ չի եղել, նրա հետ ծանոթացել է ծրագիրը ներկայացնելիս, ընդ որում մարզպետը միաժամանակ հրավիրել է թե՛ իրեն, և թե՛ իր մրցակցին՝ Լիանա Աբրահամյանին։

«Մթնոլորտը լարված էր, կոլեկտիվից ոչ բոլորը, բայց որոշ մարդիկ ինձ վատ վերաբերմունք ցույց տվեցին ու կազմակերպված ձևով աշխատեցին իմ դեմ։ Ես զգացի, որ հնարավոր չէ այդ մթնոլորտում աշխատել։

Այդ օրերի ընթացքում երբեք այս թեմային չեմ արձագանքել, չէի էլ ուզում անդրադառնալ, եթե իմ անունն այսքան շատ չշոշափվեր։ Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից՝ մարդկային վերաբերմունքի համար», -ասաց Արմինե Էլբակյանը։

Արմինե Էլբակյանը, խոսելով իր ներկայացրած ծրագրից, ասաց, որ արտերկրից խոշոր ներդրողներ կային, ու ինքը նպատակադրվել էր ծննդատանը շունչ տալ ներդրումների միջոցով։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Լիանա Աբրահամյանի որդին աշխատե՞լ է ծննդատանը, ինչպես որ հայտարարում է Շիրակի նախկին մարզպետը։ Արմինե Էլբակյանն ասաց, որ նրա անունը եղել է հաստիքացուցակում՝ որպես ջրմուղագործ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031