«Եթե Օսիպյանը վատ աշխատի, Օսիպյանը չի աշխատի այդ պաշտոնում»,-անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը և դրա հետ կապված բազմաթիվ դժգոհություններին՝ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ-ում կփոխարինի Նիկոլ Փաշինյանին:
Պարոն Սիմոնյանը վստահեցրեց՝ ոստիկանապետի պարագայում դժվար է ինչ-որ նշանակում անել, որի արձագանքը միանշանակ կլինի»:
Մեր դիտարկմանը՝ փորձագիտական շրջանակում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը չարիքի փոքրագույնն է ընտրել՝ նշանակելով Օսիպյանին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Հերիք չէ պիտի համակարգից լինի, վերջին երեք տարիներին էլ պետք է ղեկավար կազմի անդամ լինի, ունենա առնվազն գնդապետի կոչում: Ընտրության հնարավորությունը բավականին քչանում է: Մենք Վալերի Օսիպյանի հետ երկար տարիներ բարիկադների տարբեր կողմում ենք եղել, ես նաև վիրավորվել եմ ամսի 16-17-ին Բաղրամյան պողոտայում: Բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվ մասնակցել են ցույցերին, գիտեն, որ Վալերի Օսիպյանը կյանքը նվիրել է ոստիկանությանը ծառայելուն: Ես, համենայն դեպս, ողջունում եմ վարչապետի՝ այս փուլում կատարած նշանակումները»:
Ալեն Սիմոնյանին հիշեցրինք՝ «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի որոշ մասնակիցներ կարծիք են հայտնում, թե Վալերի Օսիպյանի պատճառով ծեծ են կերել ու ոստիկանական բաժանմունքներ ընկել, բայց արի ու տես, որ Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ է նշանակում, Ալեն Սիմոնյանն այս առիթով ասաց. «Իսկ ես հիվանդանոց եմ ընկել, բայց չեմ կարծում, որ Օսիպյանի պատճառով է եղել, և «ոստիկանը մերն է» գոռալիս մենք նաև Օսիպյանին ենք նկատի ունեցել, այլ ոչ թե կոնկրետ միայն Աշոտին: Եթե Օսիպյանը վատ աշխատի, Օսիպյանը չի աշխատի այդ պաշտոնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զրույցի մանրամասները՝ վաղվա «Առավոտում»: