ՀՀԿ խորհրդի նիստում այսօր ներկուսակցական հարցեր են քննարկվել. նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամների՝ նախարարների պաշտոններում նշանակվելուն չեն անդրադարձել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մենք օժանդակելու ենք այս կառավարության գործունեությանը»,-վստահեցրեց նա:
Մարգարիտ Եսայանն անդրադարձավ լուրերին, թե ՀՀԿ ներսում պառակտումներ են եւ որոշ ՀՀԿ-ականներ ուզում են առանձին կուսակցություններով մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Անհիմն խոսակցություններ են, նման բան մեր ներսում չկա: ՀՀԿ-ն միասնական է եւ «դեմ» քվեարկելիս, եւ օժանդակելիս: Բայց կուսակցության այն անդամները, որոնք կցանկանան աշխատել այս կառավարությունում, կարող են աշխատել, կուսակցությունը չի խոչընդոտելու: Պարզապես խնդիր է դրվել, որ այդ ընթացքում սառեցվի նրանց կուսակցական պատկանելիությունը»,-պարզաբանեց պատգամավորը:
«Մենք, որքան էլ աջակցենք, չենք կիսում այս կառավարության պատասխանատվությունը»,-հավելեց նա՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ այս պահին չկան: Հստակեցնող հարցին՝ «չխոչընդոտել՝ նշանակում է կողմ քվեարկե՞լ այս կառավարության ծրագրին», Մարգարիտ Եսայանը դրական պատասխան տվեց:
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահի պաշտոնից հրաժարման հարց օրակարգում չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետաքրքիր է, Մարգարիտ Եսայանը ինչո՞վ կարող է աջակցել: