Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանին՝ մասնակցային դպրոցական խորհուրդներ

Մայիս 11,2018 22:22

Հայաստանում ընթացող բուռն հասարակական իրադարձությունները ենթադրում են բոլորիս՝ ծնողների, աշակերտների, դպրոցի աշխատակազմի և ուսուցիչների որակապես նոր մասնակցությունը դպրոցի առօրյային և աշակերտների արժեհամակարգային հիմքերի ձևավորման գործընթացներում։

Այդ առումով անգնահատելի է դպրոցական խորհուրդների դերի վերաիմաստավորումը, որպեսզի ծնողական, աշակերտական և հոգաբարձուների խորհուրդները դառնան դպրոցում եղած խնդիրների քննարկման ու լուծման իրական հարթակ։ Հատկապես, երբ առկա են տնօրենների և դպրոցի այլ պատասխանատուների ու շահառուների հետ կապված ու քննարկման արժանի խնդիրներ։ Այդ նպատակով դպրոցական խորհուրդների անդամներին կոչ ենք անում տեղեկանալ Ձեր մասնակցային բոլոր իրավունքների մասին, ակտիվորեն նախաձեռնել խորհուրդների նիստեր, քննարկել դպրոցում եղած բոլոր խնդրահարույց հարցերը՝ գործնական մասնակցություն ունենալով դրանց լուծման աշխատանքներում։

Դպրոցական խորհուրդների աշխատանքներում առավելապես կարևորում ենք հետևյալ սկզբունքների պահպանումը և հորդորում բոլոր շահագրգիռ կողմերին հետևողականորեն պահպանել դրանք

  • հավասար մասնակցություն առանց խտրականության,
  • թափանցիկություն,
  • հաշվետվողականություն,
  • երեխաների կարծիքը հաշվի առնելը որոշումների կայացման և աշխատանքների իրականացման գործընթացներում՝ համաձայն Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների։

 

Իրավական առումով, հիմնվելով ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրության վրա, դպրոցական խորհուրդների անդամների ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևոր կարգավորումների վրա:

Ծնողական խորհուրդների վերաբերյալ

1․ Դպրոցի ծնողները կարող են առաջարկել ծնողական խորհրդի արտահերթ հանդիպում։

2․ Դպրոցի ծնողական խորհուրդը կարող է տնօրենի նկատմամբ անվստահության վերաբերյալ առաջարկ ներկայացնել դպրոցի խորհրդին:

 

Հոգաբարձուների խորհրդի վերաբերյալ

  1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը:

2.Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կփորձի հնարավորինս աջակցել Ձեր քայլերին, որոնք, հուսով ենք, կխթանվեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության նոր պատասխանատուների կողմից։ Բայց Ձեր դպրոցում փոփոխությունների գլխավոր գործող անձինք դուք եք։ Եվ միայն ձեզնից յուրաքանչյուրը կարող է կայացնել և բուն նպատակին ծառայեցնել ժողովրդավարության այդ փոքրիկ բջիջները՝ դպրոցական խորհուրդները։ Վերակենդանացնե՛նք և կայացնե՛նք դպրոցական խորհուրդները հանուն ազատ, առաջադեմ և քննադատական մտածողությունը գնահատող դպրոցի ու աշակերտի՝ ՀՀ իրավագիտակից քաղաքացու։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին պահպանել վերոնշյալ սկզբունքներն ու իրավական կարգավորումները դպրոցական խորհուրդների աշխատանքների իրականացման, համակարգման և վերահսկման գործընթացները լիարժեք և առավել արդյունավետ դարձնելու համար։

Համոզված ենք, որ դպրոցական խորհուրդների աշխատանքներից է մեծապես կախված հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա խնդիրների լուծումն ու առաջիկայում համակարգային բարեփոխումների իրականացումը։

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031