ՀՀԿ խորհրդի նիստի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (լուսանկարում )՝ հայտնի որպես «Շմայս», ասաց՝ դեռ տեղյակ չէ, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամները նախարարների պաշտոններում են նշանակվել: «Համենայն դեպս, բոլորին էլ կշնորհավորենք»,-ժպտալով նշեց նա ու հեռացավ:
Նիստի ավարտից հետո էլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ նոր իրողություն չեն քննարկել: «Մենք հայտարարել էինք, որ ՀՀԿ-ն լինելու է կառուցողական եւ աջակցելու է հանրային կյանքի կազմակերպմանը: Հասարակական ոգեւորությունը կարող ենք դարձնել կապիտալ՝ հանրության համար: ՀՀԿ-ն դառնալու է աջակից»,-վստահեցրեց Խոսրով Հարությունյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, եւս մասնակցել էր նիստին, սակայն լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ