Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծննդատան տնօրենի մրցույթը Եվրատեսիլ չէ, որ հանդիսատեսի համակրանքի համար մրցանակ ստանա»․ Շիրակի պաշտոնաթող մարզպետ (Տեսանյութ)

Մայիս 11,2018 21:35

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ինտրիգային մի իրավիճակ է ստեղծվել․ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մրցույթն անցած երկու թեկնածուներից գերադասել էր նշանակել մասնագիտությամբ էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանին, որը նոր մարդ լինելով ծննդատանը ու ընդամենը երեք օր պաշտոնավարելով՝ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Մյուս թեկնածուն՝ Լիանա Աբրահամյանը, որ երեք ամիս ծննդատան տնօրենի ժ/պ է եղել, Արմինե Էլբակյանի հրաժարականից հետո էլ չի նշանակվել տնօրեն։ Շիրակի մարզպետը ժ/պ է նշանակել ծննդատան մեկ այլ աշխատակցի՝ Արմեն Ավետիսյանին։ Սա հարուցել է Լիանա Աբրահամյանի դժգոհությունը, որը դիմելով մեզ՝ ցանկանում էր ճշտել, թե ի՞նչ է պատճառը իր հետ նման կերպ վարվելու, երբ մարզպետը իր նկատմամբ դրական վերաբերմունք է ունեցել ու մրցույթից առաջ հավանություն տալով իր ծրագրին՝ ասել է, որ մրցույթն անցնելու դեպքում մի միավոր էլ իր կողմից կտա։

Մենք դիմեցինք Շիրակի պաշտոնաթող մարզպետ Արթուր Խաչատրյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ Լիանա Աբրահամյանին չի ցանկացել տեսնել տնօրենի պաշտոնում։

Շիրակի նախկին մարզպետը հայտարարեց, որ Լիանա Աբրահամյանի հետ որևէ անձնական խնդիր չէր կարող լինել, ինքը նշանակում կատարել է՝ հավանություն տալով Արմինե Էլբակյանի ներկայացրած ծրագրին։

Արթուր Խաչատրյանը պատմեց, երբ հոկտեմբերին կառավարության նիստի օրակարգից կարողացել է հանել տալ Գյումրու ծննդատան օպտիմալացման հարցը, հրավիրել է աշխատակիցներին ու նախազգուշացրել, որ խնդիրները դեռ չեն վերացել․ 10 կիլոմետրի վրա կա 3 ծննդատուն , իսկ ժողովրդագրական միտումները լավ բան չեն ասում։ Ըստ մարզպետի, ծնունդների քանակը պակասելուց զատ, երեք հիվանդանոցներից ամենավատը կառավարվում է Գյումրու ծննդատունը․ 30 միլիոն դրամի պարտք կա կուտակված ու ներքին անառողջ մթնոլորտ։

Արթուր Խաչատրյանն ասում է, որ ժ/պ-ի պաշտոնում նշանակելով Լիանա Աբրահամյանին՝ ակնկալել է, որ էական փոփոխություններ կլինեն, սակայն լուրջ փոփոխություն չի տեսել։

«Իմ խորին համոզմամբ՝ միակ փրկությունը ծառայություններ ավելացնելն է, որովհետև ծնունդների քանակը պակասում է, հետևաբար և այլ հիվանդների պետք է բերեն հիվանդանոց։ Ես չեմ տեսել, որ դա լիներ իրենց ծրագրերի մեջ։ Որ Լիանան ասում է՝ ես ասել եմ՝ լրացուցիչ միավոր կունենա և այլ, և այլն, դա, իհարկե, անլուրջ է, որովհետև ծննդատան տնօրենի մրցույթը Եվրատեսիլ չէ, ոչ էլ ինքնագործունեության հանդես է, որ հանդիսատեսների համակրանքի մրցանակ ստանա։ Ես ասացի, որ երկու թեկնածուն էլ, երրորդը չանցավ բանավոր փուլը, ներկայացնեն իրենց տեսլականը՝ ինչպես են իրենք պատկերացնում ճգնաժամի լուծումը, փորձեին հասկանային՝ ո՞րն է խնդիրը։ Դա, իհարկե, բանավոր քննարկումներից հետո և այդ ընկալումը՝ որտեղ է պրոբլեմի հիմքը, ես չտեսա։

Եվ դրանից բացի, այս երեք ամիսների ընթացքում մանր-մունր բաներ եղան, որոնք ինձ ամենևին ընդունելի չեն․ մի խոսք կա՝ ասում են մանրուքները մարդու էությունն են․ հարազատ տղային բանվոր կամ ատաղձագործ ընդունելն էր։ Ստացվում է, որ տատիկը, մայրիկը և թոռնիկն աշխատում են նույն հիվանդանոցում։ Եթե տատիկը վաստակաշատ բժշկուհի է , առողջապահություն աշխատող է , ապա տղային բերել և բանվոր գրանցել, իմ համար ուղղակի ընդունելի չէ։

Մյուս աշխատողներից մեկի հայրն էլ ընդունվել է որպես հաշվապահ, մարդը, որը մի տեղ արդեն ամբողջ դրույքով աշխատում է, հիմա դարձել է գլխավոր հաշվապահ։ Հետո երկու ամսվա աշխատավարձերի պարտքը, անընդհատ շեշտել, որ դա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պարտքն էր, Վարդանից մնացած պարտքն էր, իսկ ես լավ եմ աշխատում, այդպես չի կարելի, կա ժառանգականություն։ Դու ստանձնել ես թե՛ իրավունքները, թե՛ պարտականությունները, անընդհատ շեշտել, դա գեղեցիկ չէ։ Իմ խորին համոզմամբ՝ հիվանդանոցը ճգնաժամից հանելու համար պետք է նոր մարդ, նոր մոտեցումներով մարդ»,- ասաց նախկին մարզպետը։

Մենք նաև փոխանցեցինք ծննդատան աշխատակիցների այն բողոքը, որ Արմինե Էլբակյանի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ մի անձ, որի անուն- ազգանունը դեռ չեն ուզում հրապարակել, փորձել է կաշառել ծննդատան աշխատակիցներին, որպեսզի լավ վերաբերմունք ցույց տան նորանշանակ տնօրենին։

«Թե Արմինե Էլբակյանը երրորդ անձի հետ է խոսել, դա իր գործն է, բայց եթե եղել է ներդրող, պատրաստ է եղել սարքավորումներ բերել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը, որ երրորդ անձը կարկառուն ՀՀԿ-ական է, որը, ըստ ծննդատն աշխատակիցների, նպատակ է ունեցել տիրանալ ծննդատան շենքին՝ մասնավոր հիվանդանոց բացելով այնտեղ, Արթուր Խաչատրյանը ժպտաց՝ ասելով․ «Հանրապետականների վրա քար գցելը հիմա, իհարկե, մոդայիկ է դարձել, չեմ կարծում բողոքողները վեց ամիս առաջ նման քաջություն կունենային և կբողոքեին։ Ենթադրում եմ՝ ում մասին է խոսքը, կա տնօրեն, տնօրենը միգուցե կարող է տարբեր ներդրողների հետ խոսել և ներդրումներ գրավել, որովհետև եթե չլինեն ներդրումներ, նոր սարքավորումներ, էլի եմ ասում՝ հիվանդանոցը դանդաղ կմարի»։

Մեր հարցին, թե Դաշնակցություն կուսակցությունը դերակատարություն ունեցե՞լ է Արմինե Էլբակյանի նշանակման հարցում, Արթուր Խաչատրյանն ասաց, որ դա զառանցանք է ու առաջարկեց հոգեբույժի այցելել։ Նա ասաց, որ Արմինե Էլբակյանի ամուսինը՝ ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Արթուր Զաքարյանը դաշնակցական չէ։

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ ենք ստացել նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունունց։ Նա հաստատեց, որ Արմինե Էլբակյանը իր ընկերոջ կինն է, սակայն ասաց, որ ինքը երբեք չի խրախուսել նրա նշանակումը՝ գիտակցելով, որ ծանր հիմնարկ է։

Մեսրոպ Բզնունու հետ զրույցն ամբողջությամբ տեսանյութում։

Ի դեպ, Արթուր Խաչատրյանի հետ մեր հարցազրույցը դիտելուց հետո զանգահարեց Լիանա Աբրահամյանը՝ պնդելով, որ իր որդին ծննդատանը չի աշխատում, ինքը մեքենա վարել չգիտի, որդին է իրեն աշխատանքի բերում ու տանում։ Նա նաև հայտնեց, որ իր որդին ընդունվել է մագիստրատուրա Բուլղարիայում, շուտով կմեկնի ու խոստացավ իր ասածը հիմնավորող փաստաթղթեր տրամադրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031