«Օրը կգա՝ կգնահատեմ մեծ սիրով: Երբ կկարդամ իրենց ծրագիրը, պարտքս կհամարեմ տեսակետ ասել: Իսկ եթե խորհուրդ ունենամ տալու, կտամ»,-ՀՀԿ խորհրդի նիստի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նոր նախարարների նշանակմանը՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նա նշեց, որ նոր պաշտոնյաների մասին վաղ է գնահատականներ տալը: Ինչ վերաբերում է նրան, որ Պաշտպանության նոր նախարարը Դավիթ Տոնոյանն է, Գեղամյանը նկատեց. «Վիգեն Սարգսյանը փայլուն մեկնարկ տվեց եւ ազգանպաստ գործ սկսեց: Նրան պետք է հնարավորություն ընձեռնվեր»:
Ապա` Արտաշես Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ Վիգեն Սարգսյանը պետք է շարունակեր պաշտոնավարել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ