Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին
Ս.թ. մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այցելել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ, անժամկետ հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Գարեգին Չուգասզյանին:
Գարեգին Չուգասզյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և իրենց թիմին փայլուն իրականացված «թավշյա» հեղափոխության կապակցությամբ և իր շնորհավորանքները խնդրել հաղորդել անձամբ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հանդիպումը ընթացել է հայտարարված հացադուլի և նրա պահանջների տեխնիկական իրականացման հնարավորությունների հարցերի շուրջ:
Ա. Միրզոյանը իր և իր կուսակից ընկերների անունից հորդորել է առողջական նկատառումներից ելնելով դադարեցնել արդեն իսկ 16 օր շարունակվող հացադուլը և հավաստիացրել, որ իրենք ամեն ինչ կանեն ՀՀ բոլոր քաղբանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու համար:
Ի պատասխան Գ. Չուգասզյանը շնորհակալություն է հայտնել իր առողջության նկատմամբ ցուցաբերված ուշադրության հանդեպ` միաժամանակ նշելով, որ անժամկետ հացադուլի պահանջների ժամ առաջ իրականացումը հանդիսանում է սկսված հեղափոխության առաջնային խնդիրներից մեկը և քրեաօլիգարխիկ համակարգի հանցավոր դատա-իրավական հիմնասյունի լիարժեք ջախջախման մեկնարկի ազդարարումը:
Իսկ մայիսի 28-ին լրանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակն ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, երբ մեկ հարվածով կարելի է ճեղքել արդեն իսկ բազմաթիվ միջազգային զեկույցներով դատապարտված և խեղկատակությունների շարքի վերածված դատավարությունների «Գորդյան հանգույցը»: Չի կարելի թերագնահատել Հայաստանի Հանրապետության համերաշխության և հաշտեցման մթնոլորտի վերականգնման այս հաղթաթղթի կարևորությունը:
Ուստի Գ. Չուգասզյանը, գիտակցելով խնդրի անհետաձգելիությունը, կշարունակի հացադուլը, որի պահանջները շարունակում են մնալ հայկական «Բաստիլ»-«Գուլագի» ազատագրման հետևյալ կետերը.
- Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,
- Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.
- Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ։
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն