Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է դատական պրակտիկայի բարելավման շրջանակում երկկողմանի համագործակցության հարցեր, ընդգծվել է սահմանադրական երկու ինստիտուտների փոխգործակցության անհրաժեշտությունը դատական պրակտիկայի ուսումնասիրման ու գնահատման ոլորտում։
Կարևորվել է սահմանադրական օրենքի ուժով դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը: Բացի այդ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ նախատեսվում է խորհրդի աշխատակազմում ստեղծել դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման հարցերով զբաղվող ստորաբաժանում:
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ կողմերի միջև նախատեսվող համագործակցությունը կիրականացվի դատական պրակտիկայի արդյունավետությունը բարձրացնելու և դատարանների հանդեպ վստահությունն ամրապնդելու նկատառումով, ինչը բխում է իրավունքի գերակայությունը երաշխավորելու սկզբունքից:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ