Այսօր՝ մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին, Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխային: Հանդիպման ժամանակ փաստաբանը բարձրացրել է դատական նիստերի, իրենց պնդմամբ, անհիմն ձգձգման, ինչպես նաև Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկում Կ.Եղնուկյանի պահման պայմաններին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո Պաշտպանը Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանի հետ միասին այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանին: Առանձնազրույցի ժամանակ Կ.Եղնուկյանը պնդել է, որ դատական նիստերն անհիմն ձգձգվում են: Ընդ Կ. Եղնուկյանի՝ իրեն առաջադրված մեղադրանք անհիմն է: Պահման պայմանների, քրեակատարողական ծառայողների վերաբերմունքի և առողջական խնդիրների առնչությամբ բողոքներ չեն ներկայացվել:
Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը կշարունակի հետևողական լինել Կ.Եղնուկյանին հոգեբանական մասնագիտական օգնությունն ապահովելու հարցում:
Հանդիպման և այցի արդյունքները կամփոփվեն և, փաստաբանի հիմնավորումները հաշվի առնելով, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ