Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիս են մեկ ամսում օլիգարխ դառնալու երազանքով»․ ինտրիգներ Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնի շուրջ (Տեսանյութ)

Մայիս 11,2018 18:45

Համազգային շարժման ընթացքում, երբ լրատվական դաշտը հեղեղված էր Հայաստանի տարբեր ծայրերում իշխանությունների դեմ ուղղված բողոքի ցույցերի լուսաբանմամբ, պատմություն էր սկսվել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ։ Ծննդատան աշխատակիցներից մի քանիսը մեզ ահազանգել էին՝ դժգոհելով, թե Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մրցույթն անցած երկու թեկնածուներից՝ (մրցույթը հաղթել էին ծննդատան տնօրենի ժ/պ Լիանա Աբրահամյանն ու Արմինե Էլբակյանը) գերադասում է պաշտոնի նշանակել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունու մոտ ընկերոջ կնոջը՝ Արմինե Էլբակյանին, որը ծննդօգնության հետ որևէ աղերս չունի։

Ըստ բողոքավորների, նա էնդոկրինոլոգ է, որը, սակայն, պետական բուհ չի ավարտել։

Ինչևէ, ծննդատան տնօրեն նշանակվեց հենց Արմինե Էլբակյանը, որը սակայն 3 օր աշխատելով ՝ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նշենք, որ նրա նշանակումից անմիջապես հետո ծննդատան աշխատակիցները դատարան էին դիմել՝ դատական կարգով վիճարկելով մարզպետի որոշումը, սակայն նրա հրաժարականից հետո, բնականաբար, հետ էին վերցրել հայցը։

Օրերս Aravot.am-ին էր դիմել մրցույթը հաղթած երկրորդ թեկնածուն՝ Լիանա Աբրահամյանը՝ դժգոհելով, որ Արմինե Էլբակյանի հրաժարականից հետո էլ իրեն չնշանակեցին տնօրենի պաշտոնում։ Նա ծննդատան հին աշխատակիցներից է և նախքան մրցույթը՝ 3 ամիս զբաղեցրել է ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնը։

Նրան անհայտ է մնում, թե ինչո՞ւ Շիրակի դաշնակցական մարզպետը, որը լավ էր տրամադրված իր հանդեպ, նույնիսկ մրցույթից առաջ հավանության տալով իր ծրագրին, գաղափարներին՝ ասել է, թե մրցույթն անցնելու դեպքում մի լրացուցիչ միավոր էլ ինձանից կստանաս, այդպես էլ չցանկացավ իրեն նշանակել տնօրենի պաշտոնում։

Ավելին, ըստ Լիանա Աբրահամյանի, նույնիսկ չցանկացավ, որ ինքը շարունակի ժամանակավոր պաշտոնավարումը, այն հանձնեց ծննդատան հերթապահ բժիշկներից մեկին՝ Արմեն Ավետիսյանին, որը Շիրակի մարզի դատախազ Արտյոմ Ավետիսյանի եղբայրն է։

«Ես Ավետիսյան Արմենի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի ինձ անհանգստացնում է ստեղծված ինտրիգը։ Ավետիսյան Արմենը կոնկրետ այս պարագայում հավակնորդ չէր, մրցույթին չէր մասնակցել, ոչ էլ հաղթել էր, որտեղի՞ց իրեն գտան և համոզեցին, որ ինքը լիներ տնօրեն։ Ի՞նչ էր պատճառը, փաստորեն խնդիրն արդեն անձնական է, ով ուզում է լինի՝ բացի ինձանից։ Ընդամենը 3 աշխատանքային օր է աշխատել իմ հետ մրցույթն անցած բժշկուհին, եթե չեղյալ է համարվում, մարդը հրաժարվում է, ես նաև ճշտել եմ, եթե 3 ամսվա ընթացքում է անձը հրաժարվում, մրցույթի մյուս հաղթողը պիտի անցնի։

Այսինքն՝ ցանկացած մեկը կարող է լինել տնօրեն՝ բացի ինձանից, երբ ես երկու օր առաջ էի հանդիպել մարզպետի հետ։ Ինքը, եթե հետաքրքրված չլիներ, ինձ չէր կանչի, ինձանից տվյալներ չէր ուզի և վերջում չէր ասի՝ եթե դուք հավասար պայմաններով անցնենք, դու մի միավոր իմ կողմից ունես», -ասաց Լիանա Աբրահամյանը՝ փոխանցելով, որ չի ուզում իրեն թույլ տալ մտածելու, թե Շիրակի նախկին մարզպետը կոռումպացված կարող է լինել։

Մեր զրուցակցի ենթադրելով, մարզպետի այս որոշման վրա ազդել է նաև Դաշնակցություն կուսակցությունը, քանի որ Արմինե Էլբակյանի պաշտոնյա ամուսինը՝ ՓՄՁ ԶԱԿ տնօրեն՝ Արթուր Զաքարյանը ևս դաշնակցական է։

Լիանա Աբրահամյանի մեկնաբանմամբ, ծննդատան տնօրեն դառնալը շատերի մոտ երազանք է, ու ժամանակի փոխանցվել է այն պատկերացումը, թե գինեկոլոգներն ամենահարուստն են, այդ պատճառով էլ ծննդատան հետ կապ չունեցող մարդիկ գալիս են երազանքով, որ մի ամիս կամ մեկ տարի հետո կդառնան օլիգարխ։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, Գյումրու ծննդատունը 33 միլիոն դրամ պարտք ունի, լավ վիճակում չէ և լուրջ կառավարում է պետք՝ խնդիրները հաղթահարելու համար։

Լիանա Աբրահամյանը նաև պատմում է, որ ապրիլի 24-ին, երբ տնօրեն է նշանակվել իր մրցակիցը՝ Արմինե Էլբակյանը, երրորդ անձ, որի անուն- ազգանունը մեր զրուցակիցը չցանկացավ հրապարակել, փորձել է կաշառել ծննդատան բժիշկներին, որպեսզի լավ վերաբերմունք ցույց տան ու աշխատեն Արմինե Էլբակյանի հետ։ Երրորդ անձը նաև խոստացել է կտուրը վերանորոգել, սարքավորումներ նվիրել ծննդատանը։

Մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի ասելով էլ, թեև խոստացել էին տնօրեն նշանակելիս հաշվի առնել կոլեկտիվի ու մասնավորապես իր կարծիքը, սակայն հաշվի չեն առել։

Նրան այժմ էլ անհանգստացնում է այս կառույցի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը։

Մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն ասում է․ «Ունեինք մրցույթում հաղթած մարդ, բայց նշանակվեց երրորդ մարդ՝ ժամանակավոր պաշտոնակատար ու փաստորեն մի քանի ամիս հետո նոր մրցույթ պիտի հայտարարվի։ Այդ մեխանիզմն է մնում անհասկանալի ու բավական մտորելու տեղիք է տալիս, թե գուցե էստեղ իրո՞ք այլ նպատակներ են հետապնդել չնշանակելու համար Լիանա Աբրահամյանին։ Գուցե կոռումպացված նպատակներ, գուցե խնամի-բարեկամ, ծանոթ, փող․․․»,- ասում է Ֆելիքս Գրիգորյանը՝ նեղվելով, որ կոլեկտիվի հետ խաղ են խաղում։

Մենք զրուցեցինք նաև ծննդատան տնօրենի ժ/պ Արմեն Ավետիսյանի հետ։ Նա ասաց, որ իրեն առաջարկել են լինել ժ/պ, ինքն էլ տվել է համաձայնությունը մինչև նոր մրցույթ ու ընտրություն տեղի ունենա։

Նա հորդորեց իրեն չկապել ստեղծված ինտրիգների ու խմորումների հետ։

Մենք այս թեմայի շուրջ լսել ենք նաև Շիրակի պաշտոնաթող մարզպետ Արթուր Խաչատրյանի ու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունու պարզաբանումները։

 Դրանք կներկայացնենք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Հարգելի Նունե Արևշատյան չեք գտնում, որ դուք շատ կողմնակալ և միակողմանի ոչ պրոֆեսիոնալ ինֆորմացիա եք տրամադրում հանրությանը, չլսելով օրինակ Արմինե Էլբակյանին,ինչն է եղել և նրա մրցույթում հաղթելու և հրաժարական տալու պատճառները,ենթադրությունների վրա հիմնված կեղծ ինֆորմացիա եք տարածում,օրինակ Արմինե Էլբակյանի ամուսնու դաշնակցական լինելը և մարզպետի որոշման վրա ազդելը և այլն: Եթե ուզում եք գոնե մի քիչ ճշմարտություն ներկայացնել և լրագրողի ձեր անունը չվարկաբեկել այցելեք մարզպետարանի ներքին աուդիտներին և միգուցե ծանոթանաք իսկական եղելությանը,թե ինչու ծննդատան աշխատողները չեին ցանկանում դրսից մարդ նշանակվեր,իմ կարծիքով եթե դուք գիտենաիք, որ ասենք հաշվապահը կանգնած մեքենայի համար վառելիքի ծախսի համար գումար է դուրս գրում այն դեպքում երբ տնօրենը Արմինե Էլբակյանն է և տեղյակ չէ,կամ ասենք գինեկոլոգը գտնվելով արձակուրդի մեջ հղի է ընդունում և վարում, հաստիքացուցակների կոպիտ խախտումներ և նմանատիպ շատ բաներ: Ձեր միակողմանի կողմնակալ մեկնաբանումները տպավորություն են ստեղծում, որ ինչ որ մեկը այս ամենը ձեզ պատվիրել է:Կցանկանաի տպավորություններս սխալ լինեին:Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031