Հարցազրույց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանի հետ
– Որպես առողջապահության ոլորտին քաջատեղյակ մարդ, ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի առողջապահության նախարարը:
– Առաջինը՝ նախարարը պետք է վերաբերվի նախարարությանը իր տան պես հարազատ մի վայրի, իսկ բոլոր՝ աշխատակազմին պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամների: Նախարարության կոլեկտիվը պետք է դիտվի նախարարի կողմից ինչպես թիմ՝ մարդիկ, որոնք իրենց առջև դրված ունեն նույն նպատակները և մարդիկ, որոնք մտահոգ են միևնույն խնդիրների շուրջ:
Նախարարը պետք է ունենա ռեալ գործնական ծրագիր՝ այն է` երկրում առողջապահությունը դարձնել հասանելի, մատչելի և որակյալ բոլոր քաղաքացիների համար: Բժիշկը պետք է լինի պաշտպանված, ապահովագրված, ստանա արժանապատիվ աշխատավարձ, վայելի հարգանք և պատիվ: Նրանք են բուժում, անքուն գիշերներ անցկացնում և աղոթում, որպեսզի հիվանդն առողջանա: Դա հնարավոր է, եթե ղեկավարության ախորժակը մի քիչ զսպվի, իսկ նախարարությունը ուժեղ վերահսկողություն կատարի:
Ցավալի է, բայց այսօր բժշկությունը դիտվում է որպես բիզնես: Բոլոր պետական և մասնավոր հաստատությունների համար պետք է լինեն նույն խաղի կանոնները: Պետք է աշխատեն սպիտակ դրամարկղով: Պետությունը պետք է հոգա բոլորի հոգսերը՝ առաջին հերթին անապահով խավի, ծերերի, երեխաների: Չի կարելի ինչ-որ ծրագրեր իրագործել առանց խորհրդակցելու, մտածելու, և ասել, որ լավ է լինելու, զարգացած երկրներում այդպես է: Բոլորին պարզ է, թե ինչի համար է արվում և ինչ կա ծրագրի տակ: Բյուջեի փողերը չի կարելի մսխել, որովհետև դա քաղաքացու հարկերից ստացված գումարն է, որը պետք է ծախսվի հենց քաղաքացու վրա:
– Որքանով տեղյակ եմ, դուք ոլորտի առողջացման վերաբերյալ ծրագիր ունեիք, ինչ կարեւոր կետեր եք մատնանշել այնտեղ, խնդրում եմ մանրամասնեք:
– Այո, ես գրել եմ ծրագիր, որը կոչել եմ ՀՀ առողջապահության համակարգի առողջացման ծրագիր: Ծրագրում ներկայացվում է առողջապահության ներկայիս անմխիթար վիճակը. բացակայում են նախարարության ենթակայությամբ գտնվող հիմնարկների ֆինանսատնտեսական հարցերը, կադրային հագեցվածության, նրանց նպատակահարմարության մասին տվյալները: Բացարձակ չկա վերահսկողություն՝ պետ/պատվերի գումարների մեծ մասը փոշիացվում է՝ չի հասնում հասցեատերերին, բաշխվում է սուբյեկտիվ ցանկությամբ, բժշկական ծառայությունների գնացուցակը ուռճացված է և այլն: Դեղորայքի, դեղամիջոցների հարցերը նույնպես գտնվում են անմխիթար վիճակում՝ գները, վերահսկողությունը, լիցենզավորումը և այլն: Պետական բուժհիմնարկները` մասնավորապես մարզային հիվանդանոցները, առաջնային բժշկության օղակը, պոլիկլինիկաներն ունեն ֆինանսական, շենքային, մասնագիտական բազմաթիվ խնդիրներ:
Ծրագիրը կազմված է երկու փուլից: Նշվում է, թե ինչ պետք է կատարվի կետ առ կետ, պատասխանատու աշխատակիցները, ժամկետները եւ սպասվող արդյունքները: Հանրագումարում մեկուկես, երկու տարի հետո ՀՀ առողջապահությունը կունենա հետևյալ պատկերը՝ բոլոր բուժհիմնարկները կաշխատեն «սպիտակ դրամարկղով», ինչը նաև կբերի բժիշկների աշխատավարձի բարձրացմանը: Պետպատվերի գումարները ճիշտ հաշվարկելու և տրամադրելու դեպքում կհասնեն բոլոր հասցեատերերին: Բնակչությունը կստանա անհամեմատ որակյալ բժշկություն` թե Երևանում, թե մարզերում: Առողջապահությունը սահուն պետք է անցնի ապահովագրական համակարգին: Մասնագիտական հագեցվածություն կլինի ՀՀ ողջ տարածքում: Դեղորայքային շուկան կլինի ավելի մատչելի և ավելի հասանելի: Ուժեղացնելով սանիտարահիգիենիկ, համաճարակային ոլորտների վերահսկողությունը` կունենանք անհամեմատ բարենպաստ իրավիճակ:
-Պատրաստվո՞ւմ եք այդ ծրագիրն առաջարկել նորընտիր վարչապետին:
– Այսօր Հայաստանում սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո մենք ունենք նոր կազմվող կառավարություն: Եվ եթե նորընտիր վարչապետին հետաքրքիր լինի առողջապահության համակարգի իրավիճակի բարելավման վերաբերյալ իմ տեսլականը, այո, ես պատրաստ եմ ծրագիրը ներկայացնել և քննարկել:
– Ձեր կարծիքով որո՞նք են Լեւոն Ալթունյանի ձախողման պատճառները:
– Իմ կարծիքով, պարոն Ալթունյանը իր ծրագրերն իրականացնելուց շատ էր շտապում, չէին կատարվում լուրջ ուսումնասիրություններ: Ճիշտ չէր գնահատվում քայլերի հերթականությունը: Որոշումները կատարվում էին հապճեպ, տեղային: Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանը միայն Երևանն է: Մասնագետների կարծիքները անտեսվում էին: Տպավորություն էր, որ նախարարը նայում է համակարգին իր առանձնասենյակի պատուհանից: Չէր զգացվում թիմային աշխատանք: Պարոն Ալթունյանը փորձեց կատարել երեք ծրագիր, բայց, ցավոք, բոլորն էլ անարդյունավետ: Ի վերջո՝ նայեք մամուլում հրապարակումներն և ՀՀ բնակիչների կարծիքները: Հուսանք, որ մի լավ օր մեր երկիրը կունենա առողջապահության լավ համակարգ, իսկ քաղաքացին լավ, որակյալ, մատչելի բժշկություն:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ