Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աջակցությունը պետք է լինի արդյունավետ, որպեսզի մարդիկ զգան պետության գործադրած ջանքերը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արմավիրի կարկտահարությանը

Մայիս 11,2018 18:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է  Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությանը և  գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվել մարզում տիրող իրավիճակից:  Իգնատի Առաքելյանը հայտնել է, որ մարզ մեկնած   համապատասխան մասնագետների խումբը վերադառնալուն պես՝ կզեկուցի իրավիճակի մասին: «Օպերատիվ տվյալներով՝ վնասի ծավալը մեծ չէ, բայց կան այգիներ, որոնք վնասվել են»,- ասել է նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ հանձնաժողովը կգնահատի  և կարձանագրի  վնասի չափը:

Ի պատասխան վարչապետի այն հարցին, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել նման դեպքերում, Իգնատի Առաքելյանը նշել է, որ զիջվել է  որևէ պարտավորություն, հողի հարկ կամ ջրի վարձ,  որն ունեցել է  տվյալ տնտեսությունը պետության նկատմամբ:

«Կարծում եմ՝ մենք այս թեմային կանդրադառնանք, որովհետև պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան, որ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ իրենք այդ վիճակից դուրս գան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե հակակարկտային համակարգն ինչո՞ւ չի հակազդել: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այդ վայրերը դուրս են համակարգի ազդեցության դաշտից:  Կառավարության ղեկավարի այն հարցին, թե գյուղատնտեսական հողերի քանի՞ տոկոսն է այդ դաշտից դուրս, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ  ընդամենը 15 տոկոսն է  ծածկում: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ պիլոտային ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր  ժամանակակից համակարգ ներդնել, որը թույլ կտա ավելացնել այդ տարածքները` 2 տարում մինչև 70 տոկոս:

«Այս թեմային պետք է անդրադարձ կատարել նոր կառավարության ձևավորումից հետո»,- հավելել է  Նիկոլ Փաշինյանը:

Դիլիջանում ավելի քան 15 մլրդ ներդրում կկատարվի

Գործադիրը հավանություն է տվել Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին: Որոշմամբ՝ ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով կիրականացվի փաստաթղթային հսկողություն: Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA) նախաձեռնել է  Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները: Ծրագիրը ներառում է չորս բաղադրիչ՝ «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնում, քաղաքային լճի հարակից տարածքի, քաղաքային զբոսայգու, քաղաքային մարզադաշտի բարեկարգում։ Ծրագրի նպատակն է նպաստել համայնքի բնակիչների և այցելուների հանգստի և ժամանցի կազմակերպմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, քաղաքաշինական նոր տեխնոլոգիաների և մոտեցումների խրախուսմանն ու կիրառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և այլն: Ներդրումային ծրագրի իրականացման տևողությունը կազմում է 60 ամիս, որի շրջանակում նախատեսվում է ներդնել  առնվազն 15,682 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում   կստեղծվի մոտ 1070 աշխատատեղ՝ 200 հազ ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Ծրագրի իրականացման արդյունքում շահագործման հանձնվող օբյեկտներում կստեղծվի առնվազն 408 մշտական աշխատատեղ։ Միջին ամսական աշխատավարձն այս խմբի աշխատատեղերի համար կկազմի 500 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետբյուջե կվճարվի առնվազն 330 մլն ՀՀ դրամ եկամտային հարկ։

Կառավարությունը որոշել է   ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում գտնվող դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկի տարածքը հետ վերցնել Խաչիկի միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով, 8  տարի ժամկետով հանձնել «Ոսկե կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը  նպատակ ունի զարգացնել թեթև արդյունաբերությունը հանրապետությունում, ստեղծել նոր աշխատատեղեր Երևանում և սահմանամերձ շրջաններում, ընդլայնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, հիմնադրել նոր մասնաճյուղեր և զարգացնել՝ ներգրավելով նոր գործընկերներ ՀՀ-ում  և արտերկրում, բարձրացնել մասնագետների որակավորման աստիճանը և այլն:  Ընկերությունը պարտավորվել է մեկ տարում կատարել 25 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ:

Գործադիրը որոշել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը՝ շենքը և սեփականության իրավունքով հատկացված հողամասը, որը գտնվում է ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոցում, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել համայնքին՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ: Քանդման և հարակից տարածքների բարեկարգման արդյունքում կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի:  Հիմնավորման համաձայն՝ 4-րդ աստիճանի շենքը ենթակա է քանդման: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է մեկ տարվա ընթացքում կատարել  32 մլն դրամ ներդրում նշված շենքի քանդման և հարակից տարածքների բարեկարգման համար, որից 12 մլն դրամը ծախսվելու է շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման և 20 մլն դրամը՝ նրա հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների համար:

Առաջարկություն կներկայացվի Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման  վերաբերյալ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել  2018 թ. մարտի 29-ի համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում է Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրմանը: Ապրիլի 19-ի կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ներկայացնել որոշման նախագիծ վերոնշյալ որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝ առաջարկելով, որ  այդ հարցին անդրադառնա այն  կառավարությունը, որը ինքը չի ղեկավարի: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Ս. Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, որովհետև այսուհետ նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:

«Խնդիրը պարզ է՝ տեղի էր ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը՝ կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին, չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին  մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման  վերաբերյալ:

Կստեղծվի Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ

Կառավարության որոշմամբ կստեղծվի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ, որը կնպաստի ՀՀ ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում: Արդյունքում կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում: Բացի այդ, պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել  «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում և «Վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվող կարգավորմամբ կհստակեցվի օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացակարգը: Նախատեսվում է սահմանել հստակ և կանխատեսելի ժամկետներ իրավական որոշակիությունը, քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը ապահովելու համար՝ բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:

Հավանություն է տրվել նաև  2018 թ. մարտի 18-ին Մոսկվայում ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում: Ըստ հիմնավորման՝ պայմանագրի համապատասխան կետը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները։ Հաշվի առնելով 2015թ. Սահմանադրությամբ ՀՀ անցումը խորհրդարանական համակարգի և դրանով իսկ ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակումը և ՀՀ վարչապետի լիազորությունների ընդլայնումը՝ առաջարկվել է պայմանագրում կատարել փոփոխություն: Այն կնախատեսի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելու հնարավորություն

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Կառավարությունն, ըստ էության, այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ու նաև հաջողություն եմ մաղթում նոր ձևավորվող կառավարությանը», – ասել է ՀՀ վարչապետը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031