Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ առողջապահության նախարարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է նշանակել առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին, որը հայտնի է, որպես ծառայողական մեքենայից հրաժարված, հեծանիվով գործի գնացող պաշտոնյա: Նրա՝ նախարար նշանակվելու լուրերը սոցցանցերում բուռն քննադատության են արդեն ենթարկվում, Փաշինյանին «tag»-ելով՝ օգտատերերը փորձում են զգուշացնել, որ նա Լեւոն Ալթունյանի կադրն է, Ալթունյանի նախաձեռնած բոլոր աղմկահարույց նախագծերի համահեղինակն է եղել եւ այլն:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Մարգարյանը հերքեց, որ քննարկվում է իր՝ նախարար լինելու հարցը: Նա նման առաջարկ չի ստացել, մամուլից է տեղեկացել այդ մասին. «Այնքան եմ տեղեկացված, ինչքան դուք: Գիտեմ, որ լուրեր են շրջանառվում ակնհայտորեն, աշխարհից կտրված մարդ չեմ: Փաշինյանի հետ քննարկումների մեջ չեմ մտել: Մենք մեր բնականոն աշխատանքն ենք շարունակում»:
Հարցին՝ երեկ դուք չե՞ք հանդիպել Փաշինյանի հետ, չե՞ք քննարկել այդ հարցը՝ Սամվել Մարգարյանը պատասխանեց. «Չէ, ես երեկ ամբողջ օրը աշխատանքի եմ եղել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Փաշինյանից նման առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞ այն՝ Սամվել Մարգարյանը պատասխանեց. «Մի քիչ անլուրջ է հիմա դրա մասին խոսել: Կլինի առաջարկ, կլինեն պայմանները, այդ ժամանակ էլ կլինի արձագանք, որովհետեւ մենք չափազանց լուրջ բանի մասին ենք խոսում»:
Մենք հարցրեցինք՝ ինչ շրջանառվում են ձեր՝ նախարար դառնալու մասին լուրերը, սոցցանցերում արդեն տագնապ է սկսել, որ վայ, չէ, դուք Ալթունյանի կադրն եք, նրա բոլոր աղմկահարույց նախաձեռնությունների համահեղինակը, ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին՝ փոխնախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ես ցանկացած քննադատությանը հանգիստ եմ վերաբերվում, դեմոկրատական արժեքներ կրող մարդ եմ, ես չեմ կարող բռնանալ, եթե ցանկացած մարդ ուզում է իր կարծիքն արտահայտի: Չեմ կարող ասել, որ համաձայն եմ բոլոր կարծիքների հետ, բայց հանգիստ ընդունում եմ բոլոր մարդկանց դիրքորոշումը»:
Թե ինչո՞ւ են իրեն կապում Ալթունյանի նախաձեռնությունների հետ՝ Սամվել Մարգարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի որ նախարարությունում եմ աշխատում, դրա համար: Ես իմ առաքելությունը միշտ տեսել եմ պետական միջոցների առավելագույն նպատակային, հասցեական ծախսումը, չարաշահումների բացառումը, կոռուպցիայի վերացումը, սա է եղել իմ հիմնական գործունեության ուղղությունները»:
Մեր հարցին՝ ձեզ նաեւ մեղադրում են պետպատվերի սխալ քաղաքականություն իրականացնելու մեջ, որի գծով դուք իսկապես ունեք մասնակցություն՝ պետպատվերի բաշխման հարցում, դուք ընդունո՞ւմ եք այս առումով քննադատությունները՝ Սամվել Մարգարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ կարող համաձայնվել, որովհետեւ մենք մեր բոլոր քայլերը հրապարակային, բաց ենք արել: Այդպես մերկապարանոց կարելի է ասել սխալ է, բայց հետո ժամանակի մեջ համեմատական դնել՝ ինչ քայլեր են արվել դեպի դրական, դեպի բացասական: Ես իմ բնույթով այնպիսի մարդ եմ, որ ցանկացած քննադատություն կարող եմ լսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ