Մայիսի 14-ին, Սոչիում կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սոչիում կայանալու է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Շատ վերլուծաբաններ, հայաստանյան հեղափոխության նկատմամբ ՌԴ-ի լոյալությունը բացատրում են սպասելիքներով: Տեսակետ կա, որ ամսի 14-ին պարզ կլինի, թե ի՞նչ գին է վճարելու Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն այդ կարծիքին չէ, որ ՌԴ-ի դիրքորոշումը կապված է «գին վճարելու» հետ:
Հարցին` ինչպե՞ս կհանձնի Նիկոլ Փաշինյանն այդ «քննությունը», Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի`թե նախագահ, թե վարչապետ «ընտրվելու» ժամանակ, որը Պուտինի համար իր 58 հոգանոց խմբակցության կողմից էր ընտրված, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի աջակցությամբ ընտրված վարչապետ է: Ինչի մասին, ի դեպ, ՌԴ նախագահի վարչակազմը, թե ՌԴ ԱԳՆ-ն, հայտարարություն տարածեցին: Այս տեսանկյունից, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ հնարավորություն կունենա`Հայաստանի շահերը ներկայացնելու»:
Մեր զրուցակիցը հիշեցնում է`քանիցս Հայաստանից գնացած ապրանքը ՌԴ-ում կանգնեցվել է`ոչնչացվել կամ ետ է ուղարկվել: Վերջին դեպքը եղավ երեկ: «Որեւէ անգամ ՀՀ իշխանությունը չի բարձրացրել այդ հարցերը: Իսկ ո՞ւր մնաց Մաքսային միության բաց գոտին, ինչո՞ւ է ՌԴ-ն պաշտպանելով իր ներքին շուկան`անօրինական ձեւով կասեցնում ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքը: Բելառուսի նախագահը անընդհատ է բարձրացնում այդ հարցերը: Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը այս հարցերը պետք է բարձրացնի: Իսկ թե ի՞նչ գին պետք է վճարի Նիկոլ Փաշինյանը, ես դրա մասին չեմ էլ մտածում: Հայաստանում չի մնացել որեւէ բան, որ ՌԴ-ն մինչ այս ուզել է եւ չի ստացել:
Բացի այդ, հիմա ամբողջ հասարակությունը հետեւում է Նիկոլ Փաշինյանին. ինքը ստացել է ոչ միայն իրավունք, այլ նաեւ պատասխանատվություն: Ժողովրդի աջակցությունն իրեն պետք է եւ եթե ինքն անի մի քայլ, որը չբավարարի, ժողովուրդը կարող է հիասթափվել: Իմ կարծիքով, դրան Նիկոլ Փաշինյանը չի գնա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ