Այսօր Aravot.am-ի հարցին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում ձեզ տեսնո՞ւմ եք՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, սոցապ նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Այստեղ հարց կա, թե մարդը իրեն տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, թե՞ ոչ, բայց այլ խնդիր է՝ մարդն ունի՞ ցանկություն հայտնվել այդ պաշտոնում, թե՞ ոչ: Ես ինձ տեսնում եմ, որովհետեւ ես նախկինում զբաղեցրել եմ ու այնպես չեմ զբաղեցրել, որ որեւէ մեկը հիմք ունենա ասելու, ենթադրելու, որ ես ձախողել եմ այդ պաշտոնում, կամ պաշտոնն օգտագործել եմ այլ բաների համար:
Բայց ես այս պահին անգամ առաջարկի դեպքում հրաժարվելու եմ, քանի որ ես ինձ առավելապես տեսնում եմ ԱԺ-ում՝ մի քանի պատճառներով: Առաջին հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սպասարկում է մեր երկրի ազգաբնակչության առնվազն 1/3-ին ու պետական բյուջեում համապատասխան միջոցների սակավությունը բավարար չէ, որ կարողանաս բարձր մակարդակով պատշաճ իրականացնես այդ նախարարության առջեւ դրված բոլոր գործառույթները, բոլոր պարտականությունները:
Այդ առումով ես չեմ հանդգնի ընդամենը պաշտոնավարման փառքը վայելելու համար գնալ խայտառակության, որովհետեւ դա այն պաշտոնն է, որտեղ ժողովրդի 1/3-ը ամեն օր քեզնից կոնկրետ եւ իրավաչափ ակնկալիք ունի: Ինձ պետք չի, որ ընդամենը կաբինետի վրա գրվի նախարար, բայց ես չկարողանամ օգտագործել իմ պարտականությունները»:
Պետրոսյանն ասաց, որ սա իր անձնական կարծիքն է, բայց ինքը կուսակցության անդամ է ու նման հարցերում իր համար վճռորոշ է Գագիկ Ծառուկյանի կարծիքը:
Նա ասաց, որ ինքը իրավաբան է եւ իր տեղը ԱԺ-ում է ու գտնում է, որ իր աշխատանքն ԱԺ-ում նորմալ է իրականացնում. «Ես այն կարծիքին եմ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է գտնվի հոգատար ձեռքերում, իսկ այդպիսի հոգատար ձեռքը, իմ համոզմամբ, պարոն Ծառուկյանի ձեռքն է, որը հնարավորություն ունի նաեւ օտարերկրյա ներդրումների միջոցով բավարարել այդ նախարարության առջեւ դրված խնդիրների լուծումը, բայց ես անձնապես ինձ չեմ ուզում տեսնել կառավարության կազմում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ