Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ նոր նշանակված ղեկավարին ես չեմ ճանաչում, բայց ես գիտեմ, թե ինչո՞վ է զբաղվել անվտանգության ծառայությունը մինչ օրս». Հովհաննես Իգիթյան

Մայիս 11,2018 17:11

«Ինձ համար անձից ավելի կարեւոր է այն խնդիրը, որը պետք է այս խնդիրը լուծի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարությունում կատարած առաջին նշանակումներին, ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահը երեկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակեց Վալերի Օսիպյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում` Արթուր Վանեցյանին:

Մեր զրուցակիցը հիշեցնում է` նախկինում ոստիկանությունը, ընտրական գործընթացներում, լիովին սպասարկում էր ընտրություններին մասնակից իշխանական թեկնածուներին`չեզոքացնելով թե դիտորդներին, թե մյուս թեկնածուների վստահված անձանց գործողությունները: «Հակառակը, ընտրություններում ոստիկանությունն ունի մեկ նպատակ`ապահովել օրինականությունը: Քանի որ ժամանակավոր կառավարության հիմնական նպատակը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր առաջարկել,  արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, ապա, այս կտրվածքով եմ տեսնում այդ նշանակումները»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ անձերն, իհարկե, կարեւոր են նաեւ իրենց նախկին գործունեության մասով:

Նկատեցինք`Վալերի Օսիպյանի նախկին գործունեության հետ կապված, օրինակ, վիճահարույց դրվագներ կան, նաեւ արդեն հրապարակումներ եղան ԱԱԾ նոր ղեկավարի հոր եւ կնոջ բիզնեսների հետ կապված: Հովհաննես Իգիթյանն ասաց`դա արդեն լրագրողների գործն է եւ իր հույսը լրագրողներն են. «Այդ պաշտոնյաները պետք է հրապարակեն իրենց ունեցվածքը: Խոշորացույցով պետք է նայենք ԱԱԾ տնօրենն իր ունեցվածքն ինչպես է ձեռք բերել, ինչ բիզնեսներ ունի եւ եթե ունի`ոչ միայն իր համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին դիտարկենք, այլ նաեւ այն բոլոր խախտված համապատասխանությունները օրենքին, եթե կլինեն այդպիսիք: Որեւէ տարբերություն չպետք է լինի`տվյալ մարդը Նիկոլ Փաշինյանի կողմից է նշանակված, իր բարեկամն է, ընկերը: Եթե ժողովուրդը դուրս է եկել տարբեր երեւույթների դեմ պայքարելու համար, Նիկոլ Փաշինյանին տրված վստահությունը նաեւ ենթադրում է վերահսկողություն, նույնիսկ ճնշում, որը պետք է կատարվի, այլապես Նիկոլ Փաշինյանը շատ արագ կկորցնի ժողովրդի վստահությունը: Իսկ իրեն այսօր դա պետք է: Ամեն օր է պետք, որովհետեւ հեղափոխությունը դեռ չի ավարտվել»:

Հովհաննես Իգիթյանի համար նպատակն ու նպատակի իրականացումը շատ ավելի կարեւոր է: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կպայքարի`արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ, ինքն էլ, Նիկոլ Փաշինյանի նման լուծումը տեսնում է ժողովրդի ճնշմամբ:

«ԱԱԾ նոր նշանակված ղեկավարին ես չեմ ճանաչում, բայց ես գիտեմ, թե ինչո՞վ է զբաղվել անվտանգության ծառայությունը մինչ օրս: Փոխարենը զբաղվեն ՀՀ-ին սպառնացող ներքին եւ արտաքին վտանգների հայտնաբերմամբ եւ չեզոքացմամբ, նրանք նույնպես նայում էին` ի՞նչ վտանգ է սպառնում իշխանությանը եւ չեզոքացնում էին դա»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԱԱԾ-ն պետք է հայտնաբերի դրսից ֆինանսական եւ այլ միջամտումները մեր իշխանության ձեւավորման գործընթացում, ինչը ոչ միայն չէր արվում, այլ «հաստատ գիտենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում եղել են դրսից ֆինանսական մուտքեր`կաշառք բաժանելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշանակվելու է պաշպանության նախարարի պաշտոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031