Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դատախազն արձագանքեց «ծռերին» ազատ արձակելու պահանջին. «Իրավիճակ չի փոխվել»

Մայիս 11,2018 16:47

Մոտ 3 ժամից ավելի այսօր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ լսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, այսինքն՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը (երբ ամբաստանյալն ազատության մեջ է գտնվում եւ պարտավորվում ներկայանալ նիստերին):

Արշակ Վարդանյանն առանց ընդհատելու լսում էր ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների՝ ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին քննադատություններն ու պիտակավորումները՝ երբեմն միայն հորդորելով միջնորդության թեմայից չշեղվել, զգացմունքներին տեղի չտալ եւ վիրավորական արտահայտություններ չանել:

«Քաղաքական իրավիճակ է փոխվել: Որպես դատավոր՝ ձեզ այլ բան չի մնում, քան փոխել այս տասնմեկ անձանց խափանման միջոցը եւ ազատ արձակել գրավի դիմաց»,-դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալների շահերի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դատարանները նախկինում իշխանության հրամաններն են կատարել. «Փառք աստծո, որ Փաշինյանին հաջողվեց իրականացնել ժողովրդական շարժում: Հիմա պտուղները քաղելու ժամանակն է»:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ շարունակեց՝ նշելով, թե քննիչներն ու դատախազներն այս գործով կատարել են Բաղրամյան 26-ի հրամանները. «Անգամ հեռանալուց իշխանությունը ցույց տվեց, որ Մարտի 1 է իրականացրել»:

Միջնորդության առնչությամբ մեղադրող-դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանն առարկեցին՝ պնդելով, որ «Սասնա ծռերին» անազատության մեջ պահելու հիմքերը պահպանվում են: Ինչ վերաբերում է իրենց՝ իշխանության հրահանգիչը լինելու մեղադրանքին, նրանք նշեցին, որ գործում են բացառապես օրենքի շրջանակում:

Դատախազ Հակոբ Ենոքյանն անդրադարձավ նաեւ պաշտպանների պնդմանը, թե «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են, իսկ դատավարությունն էլ քաղաքական ենթատեքստ ունի: «Մեղադրանքը քաղաքական չէ, այլ քրեական: Քրեական իրավունքի տեսանկյունից մենք չենք տեսնում իրավիճակի փոփոխություն: Չկան նոր փաստական հանգամանքներ, որոնց հիմքով կարելի էր պնդել, թե կալանքը պետք է վերացվի: Կալանքի հիմքերը շարունակում են առկա լինել»:

Նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները դատախազների բացատրություններին պատասխանում էին բղավոց-սուլոցներով, վիրավորական արտահայտություններով, «ազատությո՜ւն» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, շենք-շինություն զավթելու, պատանդառության համար: Ամբաստանյալների մի մասը(ոչ դատավոր Վարդանյանի վարույթում գտնվողները) մեղադրվում է «ծռերին» օժանդակելու համար:

Հավելենք՝ վերջերս փոխվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Սասնա ծռերին» միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը. նա ազատվեց եւ այսուհետ նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակում:

Կազատվեն «ծռերը» կալանքից թե ոչ, պարզ կլինի այսօր՝ աշխատանքային ժամի ավարտին, երբ դատավոր Վարդանյանը կհրապարակի որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031