ՀՀ անկախության բոլոր տարիներին մարզպետները հանդիսացել են «ուղղաձիգ կառավարման» ապահովման, տեղական իշխանություններին ենթակայության տակ պահող հիմնական օղակ։ Արդեն երկար տարիներ մարզպետների պաշտոնները բաշխվում էին իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների միջև՝ վերջիններիս ադմինիստրատիվ ռեսուրս ձևավորելու հնարավորություն տալով։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով մարզպետների և նրանց տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են։ Իսկ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով։
Ժողովրդական շարժման առաջ քաշած հիմնական խնդիրը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում հավասար և մրցակցային ընտրությունների կազմակերպումը։ Այս պարագայում համարժեք կլինի, որ մարզպետների պաշտոններին նշանակվեն բացառապես արհեստավարժ հանրային ծառայության փորձառությամբ մարդիկ, ովքեր քաղաքական-կուսակցական շահեր չեն ներկայացնի։ Դա կհանգեցնի նաև տեղական իշխանություններ և պետություն հարաբերությունների կարգավորմանը։
Մարզպետների պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների նշանակման պարագայում դա կարող է դիտարկվել որպես վերադարձ հնին, ընտրություններին ընդառաջ մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսի բաժանում։
Ի դեպ, մարզերում պետական կառավարումը և մարզպետներն այսօր գտնվում են իրավական վակուումում։ Այլևս չեն գործում ՀՀ առաջին նախագահի հրամանագրերը, դեռևս չեն ընդունվել համապատասխան իրավական ակտերը։
Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ կլինի վերանայել մարզերի կարգավիճակն ընդհանրապես՝ վերջիններիս տարածքային ինքնակառավարման կարգավիճակ տալով։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ