Լրահոս
Օրվա լրահոսը

«Նենց օրն ենք գցել դրանց, որ մեղք էին, հազիվ փախան ձեռքիցս». սեռական փոքրամասնությունների մասին

Մայիս 11,2018 16:31

«Այս օրերին տեղի ունեցածը հույս է արթնացնում, որ որոշակի փոփոխություններ լինելու են, բայց ակնկալել որևէ կտրուկ փոփոխություն, որ փոփոխություն տեղի կունենա շատ արագ, երեխայություն կլիներ»,- «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան, հետազոտող Սոֆյա Մանուկյանը:

Նա նշեց, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ արդարության բացակայության պայմաններում վտանգ կա, որ երիտասարդները կարող են արմատականության, բևեռացման հանգել:

Ներկայացնելով «Արմատականության և բռնության մշակույթը երիտասարդության շրջանում Հայաստանում» հետազոտության որոշ արդյունքներ՝ Սոֆյա Մանուկյանը նշեց. «Հաճախ սոցիալական, քաղաքական խնդիրներն ուղղվել են հենց ԼԳՏՊ համայնքների, կնատյացության ուղղությամբ: Նշեմ, որ այս հարցում կարևոր դերն ունեցել է այն քաղաքականությունը, որը որդեգրված է եղել մինչ վերջերս՝ ազգ-բանակ գաղափարախոսությունը, որը հիմնականում եղել է ուղղված հանրությանը ծառայեցնելու բանակային շահերին: Ցանկացած ոչ ավանդական մոտեցում դիտարկվել է որպես սպառնալիք»:

Հարցին՝ որո՞նք են արմատականության ամենալուրջ դրսևորումներն ու ո՞րն է ուսումնասիրության եզրակացությունը, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Անահիտ Սիմոնյանը պատասխանեց. «Մի քանի օրինակներ բերեմ: Օրինակ ունենք, երբ կրոնական փոքրամասնության ներկայացուցչին մի քանի երիտասարդ կանչել էին առանձին խոսելու և ծեծի էին ենթարկել, թե նա իրավունք չունի խոսել իր դավանանքի մասին: Էթնիկ կրոնական խնդիրներով ևս արմատականության դրսևորումներ եղել են: Օրինակ՝ երթուղայինում հաճախ վարորդները ծաղրում են հնդիկ ուսանողներին կամ բացասական վերաբերվում այլ երկրներից կամ Իրանից եկած զբոսաշրջիկներին: Սեռական փոքրամասնությունների վերաբերյալ լսել ենք հետևյալ արտահայտությունը՝ նենց օրն ենք գցել դրանց, որ մեղք էին, հազիվ փախան ձեռքիցս»:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանի բնութագրմամբ՝ ՀՀ նախկին իշխանություններն արտաքին գործոնները՝ ղարաբաղյան հակամարտությունը, ՌԴ-ի գերիշխանությունը, Սիրիայում պատերազմը օգտագործում էին և մեկնաբանում որպես վտանգ հայ հասարակությանը լռեցնելու համար. «Ասում էին, եթե դուք բոյկոտեք, կամ ինչ-որ ցույցեր կազմակերպեք ներքին խնդիրների վերաբերյալ, այդ արտաքին թշնամիները գալու են և ձեզ ուտեն: Տեսանք, որ անգամ, երբ սահմանագծին խախտումներ ու անհանգիստ վիճակ էր, դա արվում էր հիշեցնելու, որ մեզ դրսից սպառնում են: Բարեբախտաբար, երբեք էլ դա չի աշխատելու և նման քարոզչությունը տեղ չի գտնելու»:

Ըստ Գրիգոր Երիցյանի՝ պետք է պետական քաղաքականություն լինի այս երկրում, որ պետական մակարդակով այս խնդիրները լուծվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031