Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը պատասխանել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ 2018թ. ապրիլի 19-ին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նամակին, և շնորհակալություն է հայտնել ջանքերի համար՝ ուղղված հարցերի կարգավորմանը, որոնք կնպաստեն ինտեգրման խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Նամակում նշվում է, որ երկկողմանի քննարկումներ են եղել ՀՀ-ի և ՌԴ-ի լիազոր մարմինների միջև: Վերոնշյալ քննարկումների արդյունքում մշակվել է ՌԴ դաշնային օրենքի նախագիծ, որը լուծում է ՀՀ-ում տրված վարորդական իրավունքների ճանաչման հարցը Ռուսաստանի տարածքում: Տեղեկատվության համաձայն՝ ներկայում նախագիծը գտնվում է համաձայնեցման փուլում:
Ինչ վերաբերում է հարցի էությանը, Մինասյանը գրել է, որ Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների միջազգային փոխադրումներ իրականացնել: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում տրված վարորդական իրավունքի կարգավիճակին, որն անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար, ապա ընդունվում են միայն կրթական հաստատությունների կողմից տրված կրթության մասին փաստաթղթերը: Ուստի, վարորդական իրավունքը կրթության մասին փաստաթուղթ չի համարվում, այլ հաստատում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը:
Մինասյանի խոսքով՝ վարորդական իրավունքը ոչ միայն հաստատում է անդամ պետության քաղաքացու տրանսպորտային միջոց վարելու որակավորումը, այլ նաև տրանսպորտային միջոց վարելու նրա իրավունքը: «Այն պատճառով, որ Միության մասին Պայմանագրի 65-րդ հոդվածի համաձայն, նորմերը, որոնք պետք է ապահովեն աշխատուժի և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը, դուրս են բերվել Միության մասին Պայմանագրի XV բաժնի գործունեության ոլորտից, հնարավոր չէ տվյալ բաժնի շրջանակներում ֆիզիկական անձանց (աշխատանքային միգրանտների) համար ապահովել թույլատրելի փաստաթղթերի փոխադարձ ճանաչում»,-գրված է նամակում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անդամ պետություններն իրավունք ունեն կիրառել սահմանափակումներ, հավելյալ պահանջներ և պայմաններ՝ համաձայն նորմատիվ իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի:
Նամակում գրված է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը վերաբերում է ազգային անվտանգության հարցերին, ինչի նպատակն է կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: «Հետևաբար, Ռուսաստանի Դաշնությունը իրավունք ունի մշակել և ազգային պահանջներ ընդունել վարորդական իրավունքների հանդեպ՝ որպես փաստաթղթի, որը հաստատում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը և ուղղված է ճանապարհային անվտանգության ապահովմանը:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ անդամ պետություններում ազգային վարորդական իրավունքների չճանաչումը ստեղծում է փաստացի խոչընդոտներ աշխատանքի ընդունվելու և անդամ պետություններից մեկի քաղաքացու գործունեության համար մեկ այլ անդամ պետության երկրի տարածքում, տվյալ հարցը Միության օրենքի շրջանակներում կարգավորված չէ»:
Նշվում է նաև, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության «ճանապարհային քարտեզը»՝ ուղղված 2018-2019թթ. միության ներքին շուկայում սահմանափակումների վերացմանը, որի համաձայն նախատեսվում է մշակել միջազգային պայմանագրի նախապատրաստման մասին հարցը՝ ուղղված վարորդների մասնագիտական վերապատրաստման պահանջները ներդաշնակ դարձնելուն և նրանց մասնագիտական որակավորման հաստատման կարգին: Քանի դեռ տվյալ հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել, հարցը կշարունակի մնալ երկկողմանի հարաբերությունների տիրույթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգել էր Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող հայ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումների մասին: Էդմոն Մարուքյանը հիշեցրել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին էր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ