Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առնվազն կառավարության 1/3-ը՝ 17 նախարարությունների, պետք է պատկանի ԲՀԿ-ին». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 11,2018 15:48

Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախնական պայմանավորվածությունները, որոնք դեռ պաշտոնապես չեն հաստատվել, առայժմ 5 նախարարական պորտֆելների շուրջ են՝ ԱԻՆ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, Բնապահպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները:

Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այս նախարարական պորտֆելները, իր անձնական կարծիքով, բավարար չեն. «Իմ խորին համոզմամբ, պարոն Ծառուկյանի վերջին ժամանակների քաղաքական կեցվածքը թույլ է տալիս բարոյապես ու իրավաբանորեն ակնկալել գործադիր իշխանության ավելի լայն շրջանակ: Ես, օրինակ, խորապես համոզված եմ, որ պարոն Ծառուկյանը բարոյական իրավունք ունի ստանձնել ամբողջ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը՝ կրթության, առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի»:

Նա ասաց, որ իհարկե, իր որոշելիքը չէ, թե որ ոլորտը տան Ծառուկյանին, որը՝ ոչ, ունենք ժողովրդի ընտրյալ վարչապետ ու նա պետք է որոշի, բայց, ըստ նրա, Փաշինյանը որ ոլորտներն էլ տա Ծառուկյանի քաղաքական թիմին, հաջողություն է լինելու այդ ոլորտում՝ վկա՝ սպորտի նախարարությունը. «Այսօր եթե կա մի ոլորտ, որն անվիճելիորեն անընդհատ առաջընթաց է գրանցում, դա սպորտի ոլորտն է: Ծառուկյանի անձը, բնույթը հաշվի առնելով, իր պատասխանատվությունը, ես խորապես համոզված եմ՝ որ ոլորտն էլ նրան տան, հաջողություն է գրանցվելու այդ ոլորտում»:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի, Ծառուկյանին պետք է տալ այն ոլորտները, որի շահառուները մեծ թիվ են կազմում, ոչ թե, ասենք, ԱԻՆ-ը. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչ խոսք, կարեւոր կառույց է ցանկացած երկրում, բայց ԱԻՆ-ի աշխատանքն ունենալով ամենօրյա բնույթ, իր շահառուների բանակը մեծ չէ: Երեւանում ամեն օր մարդն ունի հացի կարիք, սոված չմնալու խնդիր ու կապ չունի բնության մատուցած անակնկալների հետ: Բնակչության 1/3-ը աղքատ է: Ես ցանկություն ունեմ, որ պարոն Ծառուկյանի քաղաքական թիմին վստահվի այնպիսի ոլորտ, որի շահառուների քանակը մեծ է: Ինչո՞ւ չտան նրան այն ոլորտը, որը ինքը վստահաբար կծաղկեցնի ու կբարելավի»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ Ծառուկյանը էական ներդրում ու խոսք ունի նոր կառավարության ձեւավորման, իշխանափոխության իրականացման գործում ու բարոյական իրավունք ունի պատասխանատվության ավելի լայն ոլորտ ստանձնել, քան այդ 4-5 նախարարությունները. «Առնվազն կառավարության 1/3-ը՝ 17 նախարարությունների, պետք է պատկանի ԲՀԿ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031