Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը թերի կազմով գերազանց մասնակցեց»

Մայիս 11,2018 15:19

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում, կարելի է ասել, գերազանց հանդես եկավ: Թիմային պայքարում թերի կազմով 4-րդ տեղը գրավելն արդեն լուրջ հաջողություն է: Բացի մեդալակիրներից, մեր մյուս չորս ըմբիշներն էլ հաղթանակներ են տարել», – ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նա նշեց, որ հավաքականի կազմում կային համեմատաբար անփորձ մի քանի ըմբիշներ, սակայն նրանք ցուցադրեցին մարտական ոգի: Նրանց գործողություններում կային թերություններ, բայց կար նաեւ ձգտում: Նրանց հետ ճիշտ աշխատելու դեպքում կլինեն նաեւ հաջողություններ:

Լեւոն Ջուլֆալակյանն անդրադարձավ 77 կգ քաշային կարգին, որտեղ հավաքականում տեղ ունենալու համար պայքար կա Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: «Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելին էին, բայց նա շատ անհաջող գոտեմարտ արեց շվեդ ըմբիշի հետ, որին հաղթելուց հետո կմասնակցեր կիսաեզրափակչին: Դժգոհ եմ Չալյանի մասնակցությունից եւ կարող եմ նշել, որ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո նրա մոտ անընդհատ սայթաքումներ են լինում: Նրա մեջ տեխնիկական արսենալի պակաս եմ նկատում: Բայց որ նա նպատակասլաց եւ աշխատասեր ըմբիշ է, դա փաստ է: 87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանն էր: Այստեղ մրցավարական մոտեցումը լավ չստացվեց Արթուրի համար: Նրանք տրամադրված էին ի վնաս Արթուրի: Առաջին գոտեմարտում նա հաղթեց շատ լավ: Երկրորդում մրցակիցը ռուս ըմբիշ էր: Ռուսաստանը պայքարում էր հնարավորինս շատ մեդալների համար: Բոլորս գիտենք, որ ռուսները Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում ոչ մի մեդալ չունեցան եւ նրանց առջեւ մեդալների, հատկապես ոսկե մեդալների, քանակ ապահովելու լուրջ առաջադրանք էր դրված: Դա շատ լավ զգացվում էր: Մրցավարական անհաջող կազմ էր ընտրված: Նույնը կատարվեց նաեւ 3-րդ տեղի համար գերմանացու հետ պայքարում: Կարող եմ ասել, որ Արթուր Շահինյանը պատրաստ էր մեդալի:

Մեր առաջիկա գլխավոր մեկնարկը լինելու է աշխարհի առաջնությունը, որը կայանալու է հոկտեմբերի վերջերին: Առաջիկա մեկ ամսում հավաքականի մարզումներին դադար է տրված, բայց բոլորն իրենց կոնկրետ առաջադրանքներով մարզվում են տանը: Հավաքները, միջազգային մրցաշարերը տարբեր փուլերով կվերսկսվեն հունիսի 10-ից», – ասաց Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզիչը կրկին անդրադառնալով մրցավարությանը, նշեց, որ կանոններում պարտեր դիրքը վերականգնելը ճիշտ որոշում է, սակայն մրցավարներին միաժամանակ լուրջ լծակներ են տրվել, որոնք նրանք կարող են կիրառել ըստ իրենց հայեցողության: Նա խոսեց նաեւ մի քանի այլ կանոնների մասին, որոնք իր բնութագրմամբ աբսուրդ են եւ այդ օրենքները առաջիկա ամիսներին պետք է վերանայվեն, քանի որ գրեթե բոլոր երկրներն են դժգոհում:

Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ նշեց, որ աշխարհի առաջնությանն ընդառաջ հավաքականի որոշ քաշային կարգերում որոշ փոփոխություններ կլինեն, իսկ թե կոնկրետ ինչ փոփոխություններ, ժամանակ դեռ կա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031