Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառով ասած, ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մայիս 11,2018 15:12

«Դա չի կարող որևէ գործնական հետևանք թողնել», -անդրադառնալով ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա մանրամասնեց. «Ակնհայտ է, որ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան, քանի որ չեն համաձայնի ո՛չ Բաքուն, ո՛չ միջնորդները: Նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ջանք պիտի գործադրի, որ Արցախի անկախությունը ճանաչենք: Դա էլ լինելիք հարց չէ: Արցախի անկախության ճանաչման համար Արցախը պետք է լինի անկախ: Արցախն անկախ չէ. դրա մասին բոլորը գիտեն: Արցախը Հայաստանի կատարյալ վերահսկողության տակ է»:

Ըստ Արա Պապյանի՝ Ռուսաստանը ևս կաշկանդված է և արդեն ընկալում է, որ տարածաշրջանային պետություն է և ոչ թե գերտերություն. «Ռուսաստանը ևս կաշկանդված է հայ ժողովրդի կամքով և պետականության հրավերով: Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառով ասած, ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան: Համազգային և համապետական հարց է: Այնպես չէ, որ մեծ տերություններն էլ թույլ կտան Ռուսաստանին վերադասավորումներ անել: Սա պիտի բավարարի բոլոր կողմերին, նաև աշխարհաքաղաքական կենտրոններին»:

ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտարարեց՝ տարածքների հանձնման հարցը պիտի բացարձակ դուրս գա մեջտեղից. «Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության խայտառակ էջերից են: Խոսքը տարածքների ինքնորոշման մասին չէ, այլ հայության և հայկականության դեմ ուղղված գենոցիդի քաղաքականության մասին է: Հայաստանը պիտի հասնի նրան, որ սա ամբողջ աշխարհին հայտնի դառնա, տրամադրություններ փոխվեն, և Արցախը որպես անկախ պետություն ու միավոր մասնակցի այդ գործընթացներին: Թե չէ ստացվում է 20 թվի պայմանագիրը. երրորդ պետության մասին գնում էին բանակցություններ, բայց այդ պետությունը գոյություն չուներ: Չեմ կարծում, որ հիմա Բաքուն կգնա ընդառաջ: Պիտի ամեն ինչ անել, որ ոչ ստանդարտ միջոցներ ձեռք առնվեն, հասնեն նման արդյունքների, բայց, ամենակարևորը, ամբողջը կախված է մեր հետագա հզորությունից և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ բարոյական»:

Ըստ Արման Նավասարդյանի՝ թավշյա հեղափոխության ղեկավարությունը ընդհանուր առմամբ շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության վեկտորները որոշելիս. «Սա մնում է քաղաքականություն, որ բոլոր պետությունների հետ պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի համար լրիվ տեղին է այն, որ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Արցախի՝ բանակցությունների մասնակցության հարցը. «Եկեք չմտածենք՝ ինչ կասի Ադրբեջանը: Դու ներկայացնում ես քո պատկերացումը: Իհարկե, Ադրբեջանը նորից հայտարարություններ կանի. ինչքան շատ անհեթեթ հայտարարություններ անի, ինձ թվում է, դա կարող է մեր օգտին աշխատել»:

Քաղաքական վերլուծաբան (Ստեփանակերտ) Տիգրան Գրիգորյանի համար արցախյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ-ի կողմից թարմ մոտեցումները ողջունելի են. «Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հայկական դիվանագիտությունը քնած վիճակում էր գտնվում, տեսնում էին, թե ինչպես էին տարիների ընթացքում մեր դիրքերն օրեցօր վատթարանում: ՀՀ-ում այս հեղափոխական իրավիճակից առաջ հակամարտության գոտում արդեն իսկ պատերազմական վիճակ էր: Այն կուտակումները, որ այսքան շահարկում էին ՀՀԿ –ականները, սկսել էին առաջանալ դեռ համաժողովրդական շարժումից մեկ ամիս առաջ: Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակությունը գիտակցում էր, որ ամեն ինչ գնում է դեպի պատերազմ: Հայաստանում տեղի ունեցող այս իրադարձությունները մի քիչ փոխեցին իրավիճակը: Պատերազմն այս փուլում միգուցե նույնիսկ հետաձգվեց: Այս առումով կարևոր են Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերն ու ուղերձները, որոնք ուղղվեցին դեպի միջազգային հանրություն և Ադրբեջան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031