«Համերգի ժամանակ 2 միլիոն 215 հազար դրամ հասույթ է եղել եւ ես մեկ առ մեկ կարող եմ հիմնավորել, թե ինչպես են ծախսվել այդ գումարները»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Դիրքապահ» ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի ղեկավար Մանուել Մանուկյանը՝ պատասխանելով իր ղեկավարած կազմակերպության մասին հրապարակումներին, որ իբր բարեգործական համերգ է կազմակերպվել եւ գումարները յուրացվել են: Նա իր հետ բերել էր ծախսերի հաշվետվությունը:
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, Մանուել Մանուկյան – պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վեճը սկսվել էր ապրիլի 23-ից: Այդ օրը Մանուել Մանուկյանը Հանրապետության հրապարակի հարթակում ելույթ էր ունեցել, որպես ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից`կոչ էր արել պատերազմի մասնակիցներին ցույցերի առաջին շարքերում լինել՝ հնարավոր բախումները կանխելու համար: Ելույթից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ վերջինս ապրիլյան պատերազմի մասնակից չէ, ուղղակի զորամասում իրականացրել է մարտական հերթապահություն: Aravot.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը ներկայացրել էր իր հակադարձումները:
Նա այսօր էլ այն տեսակետին է, որ հանրահավաքներին իր մասնակցության համար են ապատեղեկատվություն տարածել, թե իբր ինքը ապրիլյան պատերազմի մասնակից չէ եւ որ խնդիրը գալիս է այնտեղից, որ ապրիլյան պատերազմի ոչ բոլոր մասնակիցների զինգրքույկներում կա նշում. «Միանշանակ պետք է նշվի բոլոր զինծառայողների զինգրքույկներում: Պետք չէ բաժանել թեժ կետերի եւ մարտական գործողություններին մասնակցած: Նրանք, ովքեր եղել են առաջնագծում, պետք է համարվեն ապրիլյան պատերազմի մասնակից: Եթե պատերազմ է եղել, ուրեմն բոլորն էլ մասնակցել են, ինչ ձեւով են նրանք այդ բաժանումն անում»:
Մանրամասները` տեսանյութում
Այս ամենից հետո տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան`հասարակական կազմակերպության ֆինանսական չարաշահումների մասին: Մանուել Մանուկյանն այսօր ներկայացրեց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ