ՏԻՄ-երում ճնշող մեծամասնությունն անկուսակցական են
Որևէ մեկի կուսակցական պատկանելության հետ կապված ցանկացած խտրական ու վիրավորական քարոզչությունն անթույլատրելի է
Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական շարժման ընթացքում և ներկայումս շատ է քննարկվում համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների կուսակցական պատկանելության հարցը։
Հատկապես սոցիալական ցանցերով փորձ է արվում կեղծ և բացասական կարծրատիպեր ձևավորել տեղական իշխանության նկատմամբ՝ հատկապես կուսակցական պատկանելության հատկանիշով։ Ավելին, ընդհանրացումներ են արվում, որ ՏԻՄ-երի մեծամասնությունը ՀՀԿ-ական են, ուրեմն՝ մերժելի։
Ինքս սկզբունքային անկուսակցական եմ։ Բայց և որևէ մեկի կուսակցական պատկանելության հետ կապված ցանկացած խտրական ու վիրավորական քարոզչությունն անթույլատրելի եմ համարում։ Անթույլատրելի է նաև որևէ կուսակցության «դեմոնիզացիան»։
Շարժման օրերին տեղական ինքնակառավարման մարմիններն ամենօրյա ռեժիմով ապահովեցին կայուն կենսագործունեություն, կանգնեցին իրենց բնակիչների կողքին՝ անկախ կուսակցական պատկանելության՝ անխտիր բոլորն իրենց դրսևորելով որպես պատասխանատու պետական ու հանրային գործիչներ։
Հաշվի առնելով ՏԻՄ-երի կուսակցական պատկանելության հարցի մեծ հետաքրքրությունը, ներկայացնում եմ կուսակցական պատկանելության մասին տեղեկատվություն։
Տեղեկատվությունը 2017 թվականի մարտ ամսվա դրությամբ է 793 համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների կտրվածքով (նախքան համայնքների վերջին խոշորացումը)։ Տվյալները ոչ-պաշտոնական են, հավաքագրված են Հայաստանի համայնքների միության կողմից։ Զուտ համայնքների ղեկավարների շրջանում կուսակցականության ցուցանիշներն ավելի բարձր են։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ