Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների պատվիրակությունը երկուշաբթի կհանդիպի ՀՀ նախագահին

Մայիս 11,2018 14:56

Հանրապետության նախագահի աշխատակազմից երեկ զանգահարել են «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ երկուշաբթի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սպասում է նաիրիտցիների պատվիրակությանը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ մայիսի 7-ին նաիրիտցիները երթով 

գնացին Արմեն Սարգսյանի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայր, որտեղ նրանց պահանջը լսելու դուրս եկավ ՀՀ նախագահը, պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի փոքր կազմով հանդիպել, որպեսզի հնարավոր լինի խնդիրները մանրամասնորեն քննարկել:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ մայիսի 7-ին Արմեն Սարգսյանին երկու-երեք պահանջ են ներկայացրել՝ «Նաիրիտի» վերագործարկում, նաիրիտցիների աշխատավարձերի ուշացման նպատակով առաջացած տույժ-տուգանքների վերադարձ եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը:
Նաիրիտցիների պաշտպանն ասաց, որ ժամանակին նաիրիտցիներին պարտք աշխատավարձերը վճարելու համար պայման են դրել, որ նրանք հրաժարվում են տույժ-տուգանքների գումարը եւս ստանալուց, եւ այդ կետն ամրագրվել է պայմանագրում: Այսօր հարյուրավոր հայցեր այդ մասով դատարաններում են եւ վիճարկվում են: Սակայն պարոն Սարգսյանը նկատել է, որ նաիրիտցիներին դատավորներն արհամարհանքով են վերաբերվում, դատերը տարիներով ձգձգում են:

Տիգրան Սարգսյանի խոսքով, Վճռաբեկ դատարանի նախագահը այդ դատարանում է 1998 թվականից, 2008-ից էլ դատարանի նախագահն է.
«Մինչեւ հիմա Վճռաբեկ դատարանի նախագահն իր ամբողջ գործունեության ընթացքում ձեւավորել է այնպիսի մթնոլորտ, որի արդյունքն այն է եղել, որ հասարակությունը դատարաններին չի վստահում եւ իրավունքի պաշտպանության դատական միջոցը դարձել է անարդյունավետ»:

Երբ այս դժգոհությունները ներկայացվել են, նախագահն ի պատասխան ասել է, որ այդ հարցը կքննարկի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031