Ինչպես տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՊՆ նախարար է նշանակվում ԱԻՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը ժամանակին եղել է ՊՆ փոխնախարար:
Թեեւ Տոնոյանի նշանակումը սոցցանցերում այնքան վատ չեն ընդունում, որքան Վալերի Օսիպյանի նշանակումը՝ ոստիկանապետի պաշտոնում, այդուհանդերձ, այս մասով եւս կան քննադատություններ: Մասնավորապես, օգտատերերը հիշեցնում են, որ ապրիլյան ձախողումների ժամանակ Դավիթ Տոնոյանը պաշտոնավարում էր ՊՆ-ում եւ իր պատասխանատվության մասն ուներ, ուստի բերել Տոնոյանին՝ նշանակում է բերել ու ներել Սեյրան Օհանյանին, Խաչատուրովին ու այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարին:
Ի դեպ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում շրջանառվում է գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի անունը եւ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը նրան նշանակի այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ ներկայումս Օնիկ Գասպարյանը զբաղեցնում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Հայաստանի Հանրապետության Արիության մեդալ եւ ունեցել է այլ պարգեւատրումներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ