Այսօր «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկեց լողի Հայաստանի անհատական եւ թիմային առաջնությունը, որին մասնակցում է Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 13 թիմ (շուրջ 120 մարզիկ):
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին ասաց, որ մասնակցությանն արդյունքներն, ընդհանուր առմամբ բավարար են եւ առաջին իսկ օրն արդեն հանրապետության նոր ռեկորդ է գրանցվել 50 մետր ազատ ոճում, որի հեղինակը Վարսենիկ Մանուչարյանն է: «Առաջնության արդյունքներով կազմավորվելու են տարիքային խմբերի Հայաստանի հավաքականները, որոնք սկսելու են նախապատրաստվել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին ու պատանեկան ամառային օլիմպիական խաղերին: Մի քանի օրից մեծահասակների եւ պատանիների հավաքականներն ուսումնամարզական հավաքի կմեկնեն Ծաղկաձոր, որտեղից էլ կսկսվեն նախապատրաստական փուլերը», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ