Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդություն է քննարկվում

Մայիս 11,2018 13:36

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրանց ազատ արձակելու մասին միջնորդություն:

Դավիթ Գյուրջյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկրում իշխանափոխության արդյունքում իրադրություն է փոխվել. «Նպատակները, որոնք հետապնդել են մեր պաշտպանյալները, այդ արարքները կատարվել են իշխանությունը յուրացրած անձանց դեմ ապստամբելու շրջանակում»: Փաստաբանը հավելեց, որ նրանց պետք է կալանքից ազատել կամ գրավ կիրառել՝ ազատ թողնելու դիմաց: Միջնորդության առնչությամբ ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հայտարարեց. «Սասնա ծռերից» երեք հոգի այս պահին ազատության մեջ են: Մենք այնքան արժանապատվություն ունենք, որ ազատության մեջ գտնվելով՝ չենք փորձի թաքնվել արդարադատությունից: Հաշվի առնելով թավշյա հեղափոխության սկզբունքները, ավելի մեղմ պետք է վերաբերվենք մեկս մյուսին»:

Հաջորդիվ կալանքից ազատելու միջնորդություններ ներկայացրեցին նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները: Նրանցից Մուշեց Շուշանյանը հայտարարեց, որ մինչ օրս «Սասնա ծռերին» կալանքի տակ են պահել բացառապես քաղաքական նպատակներով, եւ քանի որ երկրում հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել, նրանց հանդեպ պետք է կիրառել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում:

Հիշեցնենք, որ վերջերս փոխվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Սասնա ծռերին» միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը. նա ազատվեց եւ այսուհետ նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակում: «Սասնա ծռերի» առնչությամբ միջնորդությունն այս պահին դեռ քննարկվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031