Փաշինյանի մուտքըՙ Բաղրամյան 26 եւ նրաՙ այնտեղ անցկացրած առաջին երեկոն հույս է տալիս, որ երկրի ղեկավարի նստավայրը մեզ համար այլեւս չի ընկալվի Նուբարաշեն ՔԿՀ-ի պես մի վայր, երբ բոլորս գիտենք որ այն կա, որտեղ է, ինչ արտաքին տեսք ունի, բայց ներսից ոչ մեկս չի տեսել, ավելինՙ տեսնել չի կարելի:
Բայց վարչապետի ուղղաթիռը, որով Փաշինյանը մեկնեց ու վերադարձավ Ստեփանակերտ, Բաղրամյան 26 չէ: Հիշեցնեմ, որ այդ ուղղաթիռից էլ վարչապետ Փաշինյանը ուղիղ եթեր մտավՙ Երեւան վերադառնալու ճանապարհին, պատմեց իրՙ Արցախ այցի մասին որոշ բաներ, կադրում երեւաց ուղղաթիռի ներսը, մարդիկ, ովքեր այնտեղ էին, իսկ այնտեղ բավականին հետաքրքրական մարդիկ էին, օրինակ Սասուն Միքայելյանն ու ՊՆ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կողք կողքի: Սա արդեն ազատություն չէ:
Իհարկե շատերիս է հետաքրքրում, թե ինչ տեսք ունի վարչապետի ուղղաթիռը ներսից, բայց բոլորս գիտենք որ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է, իսկ երկրի առաջին դեմքը պարզապես իրավունք չունի ուղիղ եթեր մտնել իր ուղղաթիռից, քանի որ հակառակորդը, որն այս օրերին, ինչպես Փաշինյանն անձամբ է համոզվել Արցախում, բավականին ակտիվ է, կարող է ուղիղ եթերի ընթացքում հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում ՀՀ առաջին դեմքի ուղղաթիռը, որտեղ բացի վարչապետից նաեւ ՊՆ ԳՇ պետն է (ՊՆ ղեկավարի փաստացի հրաժարականի ֆոնին), իսկ երբ այս մասին հակառակորդն իմանա…
Մի խոսքով, խնդրում ենք պարոն վարչապետ Փաշինյանին այսուհետ երբեք ուղիղ եթերներ չմտնել վարչապետի ուղղաթիռից, բայց շարունակել դա Բաղրամյան 26-ից: Օրինակՙ ո՞վ է ՀՀ վարչապետի համար կերակուր պատրաստում, որտե՞ղ, ի՞նչ գրքեր է կարդում ՀՀ վարչապետը, կարդո՞ւմ է, որտե՞ղ է նստում նա, երբ մտածում է երկրի ապագայի մասին, մտածո՞ւմ է… Բաղրամյան 26-ում իսկապես շատ բան կա ցուցադրելու, բայց ավելի շատ բան ունի ցուցադրելու ՀՀ վարչապետը, ցուցադրելու կամ ապացուցելու:
Հ. ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում
Հարգելի հոդվածի հեղինակ,
Առաջին հերթին նշեմ, որ այս հեռարձակումը առաջինը չէ նախագահական ինքնաթիռից: Նման հեռարձակում եղել է . Սարգսյանի կողմից լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երկրորդ հերթին ինքնաթիռը գտնվում էր ՀՀ օդային տարածքում, ինչը նշանակում է ամբողջությամբ վերհսկվում էր ՀՀ հատուկ ծառայությունների կողմից: Ինչ վերաբերվում է ինքնաթիռում գտնվող անձանց՝ բոլորը ովքեր այնտեղ էին հանդիսանում էին հանրայինանձինք: Հոդվածում չեմ տեսնու որևէ փաստարկ որը սահմանափակում է նման տեսանյութը, հատկապես պատերազմական երկրում գնտվելու հանգամանքը:
Հարգելի անանուն մեկնաբանող: ՈՒշադրություն դարձրեք, որ սա «Ազգի» հոդվածն է, որը մեր կայքում տեղ է գտել մամուլի տեսություն բաժնում, այնպես որ՝ հեղինակը Ձեր դիտարկումները դժվար տեսնի: Մեր կողմից ճշտենք, որ որեւէ նախագահի օրոք ինքնաթիռից ուղիղ հեռարձակում չի եղել՝ դրանք եղել են ձայնագրված զրույցներ: Հարգանքով: