Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական համագումարը շնորհավորել է հայ ժողովրդին այս շաբաթ ժողովրդավարական անցում կատարելու համար: Նրանք, միանալով ամբողջ աշխարհի օրենսդիրներին` շնորհավորել են նաև նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոստանալով ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի կառավարման համակարգում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ՝ խաղաղ և ժողովրդավարական ուղիով: «Հայ ժողովուրդը հստակ արտահայտեց իր ցանկությունը ազատ, թափանցիկ ու արդար ժողովրդավարություն կառուցելու հարցում, և շատ կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները կանգնի Հայաստանի և նոր կառավարության կողքին: Ես իմ գործընկերների հետ կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսում՝ անցումային այս փուլում Հայաստանում մեր բարեկամներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ու մեր ազգերի միջև կապերն ամրապնդելու համար»,-ասել է նա:
Կոնգրեսական Ջեքի Սփայերը, որը նաև հայկական արմատներ ունի, իր հերթին ևս շնորհավորել է հայ ժողովրդին՝ թավշյա հեղափոխության կապակցությամբ: «Հայ ժողովրդին պետք է շնորհավորել հաջողված, խաղաղ թավշյա հեղափոխության համար: Նրանք աշխարհին ցույց տվեցին, որ կարող են պահանջել, որ կոռուպցիան ավելի քիչ լինի, իսկ կառավարությունն՝ ավելի հաշվետու, և հաղթեցին: Ես ակնկալում եմ աշխատել Հայաստանի նոր վարչապետի հետ, որպեսզի ավելի ամրապնդվի հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև օգնել Հայաստանի կառավարությանը դառնալ ավելի արդար և ժողովրդավար»,-ասել է նա:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և նկատել, որ Հայաստանը, դուրս գալով զանգվածային բողոքների և քաղաքական ցնցումների շրջանից, կարողացավ ձեռք բերել նոր կառավարություն և նոր հույսեր ապագայի հանդեպ: «Չնայած Հայաստանի առջև դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդը և խոստումնալից նոր ուղի բռնել: Կոնգրեսում ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել կարևոր այս բարեփոխումների ճանապարհին»,- հավելել է Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ևս հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ և ժողովրդավար իշխանափոխության միջոցով ցույց տվեց՝ որ ուղղությամբ է ցանկանում շարժվել: «Երբ ժամանակը գա, կարծում եմ պետք է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրենք Միացյալ Նահանգներ՝ Կոնգրեսի հետ հանդիպում ունենալու համար»,-ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ