Ի թիվս այդ բազմաթիվ ձեռքբերումների, ունեցանք նաեւ մեծ սեր, ավելի ճիշտՙ անհատի պաշտամունք, Նիկոլի պաշտամունք, չնայած դեռ հարց էՙ ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ: Մենք պատմությունից ծանոթ ենք անհատի պաշտամունքի բազմաթիվ դրսեւորումների: Բայց Նիկոլի դեպքն ուրիշ է, նա ոչ մեկին նման չէ, որովհետեւ սեր ու հանդուրժողականություն է քարոզում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, որովհետեւ նա արժանի է իր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Բայց ժողովուրդը, եւ խնդիրը ժողովրդի մեջ է, կարող է իր առաջնորդին հավատարմություն ցույց տալու սխալ ձեւ ընտրել, որն արդեն ընտրված է, ու փչացնել ամեն ինչ: Դա տեղի է ունենում պատահաբար, հենց այն ժամանակ, երբ ժողովուրդն ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին ուզում է համոզել, որ ինքը ոչ թե լավ քաղաքական գործիչ է, իսկ դա այդպես է, այլՙ մեսիա, մարգարե, ոչ թե Տավուշի մարզից է, այլՙ ուրիշ մոլորակից: Առաջին հայացքից մանրուք թվացող այս խնդիրը հետո աղետ է դառնալու, այնպեսՙ ինչպես անցած 30 տարիները: Այն ժամանակ երկիրը տվեցինք «կռված տղերքին» , նրանք էլ իրենց «պահած» երկրի հետ վարվեցին այնպես, ինչպես ցանկացան: Հիմա էլ երկիրը տալիս ենք մեզ այդ «կռված տղերքից» ազատողին, տալիս ենք իրե՛ն: Հասկանո՞ւմ եք, լրջության զգացում ունե՞ք: Իհարկե, ես միտում չունեմ Նիկոլ Փաշինյանին համեմատել այդ «կռված տղերքի» հետ, բայց, ինչպես ոստիկանն է սիրում ասելՙ սթափվե՛ք:
Մարդիկ գլխարկներ ու շապիկներ են կրում, որոնց վրա գրված է ոչ թե հեղափոխություն, այլՙ Նիկոլ: Ոչ թե արդարություն են վանկարկում, այլՙ Նիկոլ: Ոչ թեՙ Հայաստան, այլՙ Նիկոլ: Նիկոլ, միայն Նիկոլ: Ես սա ասում եմ որպես այդ շարժման ամենօրյա մասնակից, որպես Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին սատարող մարդ: Ես սա ասում եմ, ցավով տեսնելով, որ դուք մոռացել եք Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդկանց, ու ամենակարեւորինՙ ժողովրդին, ձեզ. ինքներդ ձեզ եք մոռացել… Էս ի՞նչ եք անում, տղերք* :
Ձեր արածը, ձեր անհատապաշտությունը, ձեր հուզառատությունն իսկական չարիք է դառնալու ձեր ու բոլորիս գլխին, որովհետեւ ամեն ինչ չափազանց է: Եվ չզարմանաք, որ մի օր ցանկություն զգաքՙ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքելու: Իմացեք, այդ ամենի համար նա մեղավոր չի լինելու, մեղավորը դուք էիք, դուք եք, ու դուք եք լինելուՙ ձեր անհատի պաշտամունքով: Եվ կրկնում եմ, ես սա ասում եմ որպես շարժման մասնակից, Նիկոլիՙ ժողովրդի կողմնակից:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում