«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի խումբ անձանց գործով, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն՝ նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվածներից ոմանք մասնակցել են «Ողջ մնալու արվեստ»-ի կողմից կազմակերպվելիք վճարովի կրակելու ավելի մարտունակ լինելու դասընթացին։ Իսկ «Ողջ մնալու արվեստ»-ի հիմնադիրն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը։
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի հետ։ Վերջինս հայտնեց, որ Գնել Հովհաննիսյանը կրակային է սովորեցրել. «Կրկնում եմ՝ ինքը կրակային է սովորեցրել դասընթացի մասնակիցներին, իսկ մնացած ամեն ինչ բամբասանք է, մինչեւ ԱԱԾ-ն եզրահանգման չգա, իսկ ես բամբասելու ցանկություն չունեմ»։
Այն հարցին՝ փորձը ցույց է տվել, որ վերջին մի քանի տարում իրավապահները կալանավորում են ազատամարտիկների, մարդկանց, որոնք ընդդիմացել են իշխանություններին, եւ նրանց մեղադրանք է առաջադրվում հանցավոր խմբի հետ համագործակցելու, զենք տրամադրելու եւ այլ մեղադրանքներ, մտավախություն չունե՞ք, որ հաշվի առնելով, որ Ձեր հիմնադրած կազմակերպության դասախոսն է կալանավորվել, նաեւ Ձեզ կապեն այդ խմբի հետ. «Ես ընդհանրապես շատ հանգիստ եմ, քանի որ ամեն մարդ իր արարքների համար է պատասխան տալիս։ Հիմա, եթե ես մեքենա արտադրող եմ, ասենք, հին է, բայց անխափան աշխատում է, եւ մի վարորդ հարբած քշել է ու կանգառում 10 մարդ է վիրավորել, դրա համար արտադրո՞ղն է պատասխան տալիս։ Ամեն մարդ իր արարքների համար թող պատասխան տա, եթե ես ինչ-որ տեղ հանցանք եմ արել, թող ինձ հրավիրեն պատասխանատվության, բայց ես չեմ կարծում, որ ես հանցանք եմ գործել, ինձ նման հակատեռորիստ դեռ գտնել է պետք»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում