Դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական առաջին նիստն էր, որ ամբաստանյալներին դատարան բերեցին:
Նախորդ նիստերում միայն անհրաժեշտ դատավարական գործողություններ էին կատարվում՝ առանց ամբաստանյալների ներկայության, քանի որ երեւանյան բազմամարդ ցույցերի օրերին ՔԿՀ-ներից նրանց չէին տեղափոխում դատարան:
Ամբաստանյալներին բազմամարդ դահլիճն «ազատություն» վանկարկումներով դիմավորեց:
Ի դեպ, այդ ընթացքում այս գործով մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը նայում էր «Սասնա ծռերի» համախոհների բազմությանը եւ ժպտում:
Արշակ Վարդանյանը դատավարության կողմերին տեղեկացրեց, որ դատավարությունը շարունակվելու է ընդհատված տեղից, իսկ մինչ այդ, ըստ ընթացակարգի, անցավ ամբաստանյալների ինքնության եւ մեղադրական եզրակացության առնչությամբ արդեն իսկ հրապարակված դիրքորոշման ճշտմանը:
Ամբաստանյալներից Գեւորգ Իրիցյանը հաստատեց, որ մեղադրանքը չի ընդունում, եւ ինչպես նախկինում է հայտարարել, ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցելով՝ ինքը պայքարել է բռնապետության դեմ:
Երբ դատավոր Վարդանյան ընթերցեց, որ ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը», ծնվել է ԼՂՀ համայնքներից մեկում, Հակոբյանն ուղղեց նրան՝ ասելով, որ դա ՀՀ-ի տարածքն է:
Ապա Մարտիրոս Հակոբյանը կրկին դժգոհեց, որ իրեն ՔԿՀ-ից դատարան են տեղափոխում շղթայված վիճակում: «Կարծես հանցագործի տեղափոխեն, բայց ես հեղափոխական մարդ եմ»,-ասաց նա: Դատավորն արձագանքեց, որ շղթաների հարցին կանդրադառնան, «Դեդն» էլ ակնարկեց. «Աչքը տեսածից է վախենում»:
Ապա ամբաստանյալներից Արամ Մանուկյանը եւս ուղղեց դատավորին՝ ասելով, որ ծնվել է ոչ թե ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում, այլ ՀՀ քաղաք Ստեփանակերտում:
Ամբաստանյալներից Արաբ Հակոբյանն էլ հաստատեց, որ մեղադրանքի առնչությամբ իր դիրքորոշումն անփոփոխ է, եւ ինքը գործել է հայրենասիրական մղումներով:
Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանն էլ կրկնեց, որ մեղադրանքը շինծու է: Նա հայտարարեց. «Ըստ սահմանադրության՝ իշխանության յուրացումը հանցագործություն է, եւ ես իմ պարտքն եմ համարել դուրս գալ այս իշխանության դեմ: Իշխանությունները հայտարարեցին, թե հայկական կողմի կորցրած 800 հեկտարը հետ բերելու համար չարժի արյուն թափել»:
Ապա Վարդան Գերավետյանն անվանարկեց ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան դատավոր Արշակ Վարդանյանը հորդորեց նախկին պաշտոնյաներին չվիրավորել: Գերավետյանը, սակայն, պնդեց. «Թալանչին իրենք են, ոչ թե ես»:
Հավելենք, որ դատավորի որոշմամբ՝ այս գործով նիստերը կայանալու են ամեն ուրբաթ՝ 11:00-ին:
Հիշեցնենք նաեւ, որ մարտի կեսին դադարեցվել էին այս գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Այսօր, երբ դատավոր Արշակ Վարդանյանը մտավ նիստերի դահլիճ, ամբաստանյալները, ինչպես եւ նախկինում, ոտքի չկանգնեցին: Դատավորը, սակայն «աչք փակեց» դատավարական կարգի այդ խախտման վրա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այն երկրում,որտեղ դատարանում ոտքի չեն կանգնում,արհամարում են դատավորին՝ով էլ նա լինի,այդ երկրում արդարադատություն չի կարող լինել……