Ուշագրավ է մարզպետաց դասի ջայլամային պահվածքը, մարդիկ, որոնք տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործիքներն են եղել ու գործուն մասնակցություն ունեցել ընտրակեղծարարություններին, չեն շտապում դիմումներ գրել։ Միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատասխանեց զանգերին, բայց անմիջապես հայտնեց, որ խորհրդակցության է։ Նույնն ասաց նաեւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ համառորեն որոշեց հին ձեւերով շփվել՝ հորդորելով հարցերն ուղղել մամուլի ծառայության միջոցով։ Նա անդրդվելի մնաց, երբ տեղեկացրինք, որ մամուլի ծառայությունն իրենից պետք է հարցնի՝ հրաժարականի դիմում գրելո՞ւ է, թե՞ շարունակելու է աշխատանքը։
Հիշեցրինք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանում նոր իրողություններ են, քաղաքական նոր իրադրություն, ինքը որոշել է հաշվի չնստել այդ իրողության հետ եւ մնալ հին ու բարի ժամանակներո՞ւմ։ «Նորից եմ ասում, մենք կարգ ունենք, եւ ես չեմ պատրաստվում կարգ խախտել»։
Բնապահպանության փոխնախարար ՀՀԿ-ական Խաչիկ Հակոբյանը, մինչդեռ, անկեղծացավ, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել։ «Ես պատրաստ եմ աշխատելու, որովհետեւ միշտ նվիրված եմ եղել իմ երկրին եւ ոլորտին։ Եթե կստացվի համագործակցություն, սիրով կհամագործակցեմ, չի ստացվի՝ շնորհակալություն հայտնելով կհեռանամ»,- ասաց փոխնախարարը։
Հարազատ կուսակցությունը, ըստ էության, ազատ է թողել, սակայն կուլիսներում հայտարարում են՝ ով մեզ հետ չէ, դավաճան է։ «Ես երբեւիցե իմ արարքով դավաճանության պիտակ ինձ չեմ ամրագրել եւ կարծում եմ՝ այս պարագայում էլ չեմ ամրագրի, որովհետեւ երկրին ծառայելը ոչ մի կերպ դավաճանություն չի կարող դիտվել»։
Փոխնախարարը վստահեցնում է՝ եթե շարունակի աշխատանքը նոր թիմի հետ, հաստատ կուսակցությունը չի փոխի։ Իսկ կհրաժարվի՞ ՀՀԿ-ից, եթե պահանջեն։ «Փոխել՝ հաստատ չի լինի, մնացածը կմտածեմ…»։
Գյուղատնտեսության, մոտ մեկուկես տարվա փոխնախարար անկուսակցական Աշոտ Հարությունյանն էլ չի պատրաստվում ինքնակամ հեռանալ, նա մանրամասն ներկայացրեց իր աշխատանքի բնույթը՝ ցույց տալով դրա կարեւորությունը, ապա ասաց, որ ինքն այդ պաշտոնին է հասել առանց որեւէ կուսակցության հարելու։ «Անկեղծ ասած՝ ես էս պահին էլ գտնվում եմ դաշտերում, մենք աճացնելու տեղն ենք, ժողովրդի հետ, մեր խորհուրդներով, մեր փորձով պատրաստ ենք աշխատել ժողովրդի հետ։ Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, թող քաղաքականությունն ինձնով զբաղվի»,- ասաց Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ խնդիրը ներկա ու նախկին թիմերը չեն, ինքն իրեն համարում է մասնագետ, որը կարող է օգուտ տալ երկրին, ոլորտին․ «Ես թիմով չեմ եկել, որ թիմով գնամ, ես անկուսակցական եմ ու երբեք էլ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ»։
Իսկ հնարավո՞ր է առաջիկայում նոր թիմին՝ «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցի։ «Ես 46 տարեկան եմ ու ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, անկեղծ ասած՝ չեմ կարող ասել ու դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում, իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»։ Ի դեպ, ժամանակին այս լոզունգն էր օգտագործում Ռոբերտ Քոչարյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում