Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր նշանակման շուրջ քննադատություններին, ասելով. «Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»:
Իսկ թե ինչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանն ասաց. «Լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած»:
Հարցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է դրան, ոստիկանապետը պատասխանեց, որ մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են:
«Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվություն ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»,- հավելեց Վալերի Օսիպյանը: Նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում՝ կոռուպցիայի դեմ պայքար պետք է լինի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ