Հայաստանյան վերջին քաղաքական զարգացումները ստվերեցին ամեն ինչ: Տնտեսությունն ու մնացյալ ամեն ինչը հետին պլանում էին, և դա բնական էր: Ի վերջո, դե յուրե ամբողջ մի ամիս, դե ֆակտո ավելի քան 15 օր Հայաստանը կառավարություն չուներ: Պաշտոնակատարների կառավարությունն էլ իրական գործողությունների առումով «ընդհատակում» էր: Դա էլ էր հասկանալի: Անհասկանալին այն էր, որ նույնիսկ վերջին օրերին որոշ նախարարներ, ինչպես պարզվեց Կարեն Կարապետյանի հանձնարարականով, շարունակում էին այցելել մարզեր, արտադրական ձեռնարկություններ, հանդիպում սրանց ղեկավարներին, խնդիրները քննարկում, և այդ ամենը բավականին մանրամասն լուսաբանվում էր հայկական «անկախ» հեռուստաընկերությունների կողմից: Այդ գործողությունների տրամաբանությունն այդպես էլ անհասկանալի մնաց: Ինչ էր ուզում դրանով ցույց տալ պարոն Կարապետյանը, հատկապես, որ մայիսի 1-ից հետո միանշանակ պարզ էր, որ ինքն այլևս հայաստանյան քաղաքական դաշտում չկա: Իհարկե, անհասկանալի այս ներկայացումից դուրս պարոն Կարապետյանը հասցրեց վերջին պահին՝ կառավարության վերջին նիստում հարկային արտոնությունների տեսքով հերթական լավությունն անել խոշոր բիզնեսին: Դա հասկանալի էր: Իսկ բառացիորեն կարապետյանական կառավարության վերջին ժամերին, մայիսի 7-ի երեկոյան և 8-ի առավոտյան, երբ գործնականում ամեն ինչ վճռված էր, և Հայաստանն ընտրում էր հաղթանակած վարչապետին, լիազորությունները վայր դրած, հեռացող կառավարության որոշ անդամներ «հրապարակավ ամփոփեցին» իրենց գործունեությունը, ներկայացնելով 2017թ.-ի ու 2018-ի առաջին չորս ամիսների որոշ տվյալներ: Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը, պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, ինքը՝ Կարեն Կարապետյանը ներկայացրեցին տարբեր ոլորտներին վերաբերող «վիճակագրություն», հատուկ շեշտադրումներով:
«Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017թ. կազմել է 25․2%, ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: 2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կազմել է 19.7%: Նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է վերջին 18 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 38.1%: ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման աճը կազմել է 47.6%, ԵՄ-ի՝ 29.2%, այլ երկրների՝ 30.7%: 2018-ի առաջին եռամսյակում արտահանումը 34.4%-վ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 մլրդ դրամով կամ 13%-ով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: Մի շարք այլ ապրանքների դեպքում ևս ներմուծման աճի պայմաններում ավելացել են նաև գանձումները, մասնավորապես՝ նավթի և նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73%-ով, դեղամիջոցների դեպքում՝ 33%-ով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75%-ով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77%-ով, խոզի մսի դեպքում` 36%-ով, կահույքի դեպքում՝ 48%-ով, օծանելիքի դեպքում՝ 32%-ով և այլն: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29%-ով աճել են արտահանման ծավալները»: Եվ այդպես բավականին երկար ու մանրամասն:
Նարեկ Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում