Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում համոզմունք հայտնեց, որ մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ համաձայնությամբ

Մայիս 11,2018 11:26

Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1185-րդ նիստին

Մայիսի 10-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1185-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներկայացնելով Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը։

Դեսպան Կիրակոսյանը մասնակից պետություններին տեղեկացրեց, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան, մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ և նույն օրը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդարանի որոշումը:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության և օրենքներին համաձայն: Այս համատեքստում նշվեց, որ Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը: Արման Կիրակոսյանը շեշտեց, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել և իրականացրել են կարևորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձևավորելու ժողովրդի իրավունքը:

Դեսպան Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ տվյալ մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն էլ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը: Նշվեց, որ հայ ժողովուրդն առավել քան միասնական է այսօր իր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն միջազգային գործընկերներին, որոնք իրենց անաչառ և հավասարակշռված վերաբերմունքով նպաստեցին Հայաստանում ժողովրդավարության և պետականության զարգացման նոր էջի բացմանը:

ՀՀ նոր Վարչապետի ընտրության առթիվ շնորհավորական ելույթներով հանդես եկան ԵԱՀԿ-ում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչները: Վերոնշյալ երկրների ներկայացուցիչները հավաստեցին Հայաստանին և հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին զարգացնել և խորացնել ՀՀ-ի հետ երկկողմ համագործակցությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031