Լրահոս
Օրվա լրահոսը

Զուտ օրենսդրական տեսանկյունից ոստիկանապետ չէր կարող նշանակվել շարժման գաղափարները կրող, ամենալավ կրթությունն ու անբասիր կենսագրություն ունեցող որևէ անձ. «Հայկական ժամանակ»

Մայիս 11,2018 11:23

Ինչո՞վ է առաջնորդվել վարչապետը հատկապես Օսիպյանին այդ պաշտոնում նշանակելիս։

Փաշինյանի նշած «սիմվոլիկ» նշանակությունը կարևոր է, բայց սա չէ միակ հիմնավորումը Օսիպյանին ՀՀ ոստիկանապետ նշանակելու համար։ Անկասկած կան նաև այլ հիմնավորումներ։

Նախ, գործող օրենսդրությամբ՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնին նշանակվելիք անձի համար գոյություն ունեն որոշակի խիստ սահմանափակումներ։ Միայն այն սահմանափակումը, որ ոստիկանապետը պետք է լինի կադրային սպա և բավարարի մի քանի պահանջների, արդեն իսկ էականորեն նվազեցնում է այդ պաշտոնում նշանակվելիք հնարավոր թեկնածուների շրջանակը։ Այսինքն, զուտ օրենսդրական տեսանկյունից ոստիկանապետ չէր կարող նշանակվել շարժման գաղափարները կրող, ամենալավ կրթությունն ու անբասիր կենսագրություն ունեցող որևէ անձ։

Այստեղ արդեն հարց է առաջանում, թե բա էլ ո՞վ, եթե ոչ Վալերի Օսիպյանը։ ՀՀ ոստիկանության վերնախավում այնքան էլ հեշտ չէ գտնել նման թեկնածու։ Տարիների ընթացքում մեր բարձրաստիճան ոստիկանները դարձել են տարատեսակ կոռուպցիոն սխեմաների բաղկացուցիչ մաս, ապրում են ցոփ կյանքով, «հարց լուծողներ են» եղել, կցվել են այսուայն օլիգարխի կամ պաշտոնյայի…։ Այս տեսանկյունից Օսիպյանի կերպարը կարծես թե նորմալ է դիտվում։

Համենայն դեպս նրա հետ կապված այս բնույթի սկանդալներ չկան կարծես։ Ու բացի այդ, Օսիպյանը իր ծառայության ընթացքում աստիճան առ աստիճան բարձրացել է ծառայողական սանդուղքով, ջանալով ավելի բարձր տեղ գրավել իր որակների շնորհիվ։

Մյուս կողմից, Օսիպյանը խիստ բացասական է ընկալվում ցույցերի մասնակիցներից շատ շատերի մոտ։ Նրանցից շատերի նկատմամբ հենց Օսիպյանն է ուժ կիրառել անցած տարիներին տեղի ունեցած ցույցերի ընթացքում։ Եվ շատերի բացասական և խիստ բացասական վերաբերմունքը այսպիսի նշանակման նկատմամբ ամբողջությամբ հասկանալի է ու տրամաբանված։ Հասկանալի է նույնիսկ այն պարագայում, երբ հաշվի ենք առնում, որ ասենք 2010 թվականին Օսիպյանը շատ ավելի բիրտ էր, իսկ հետագայում ավելի զսպված ու հավասարակշիռ:

Իր որոշումը կայացնելիս Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առել այս հանգամանքը եւ վտանգը, որ շարժման մասնակիցների որոշակի մաս կարող է հիասթափվել ու վերապահումներով մոտենալ հեղափոխության հետագա ընթացքին։

Փաստորեն Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետ նշանակելիս վարչապետը կշեռքի նժարներին է դրել Օսիպյանի նշանակման դրական և բացասական «կողմերը»։ Բայց միևնույնն է՝ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակելը ոչ ստանդարտ մոտեցում է։ Սակայն եթե ուսումնասիրենք ողջ այս շարժման ընթացքը, ապա կհայտնաբերենք, որ ստանդարտ քայլեր գրեթե չկան։ Ու արդյունքն էլ ոչ ստանդարտ է՝ նույնիսկ անհավանական։

Պետք չէ մոռանալ, որ նույն Փաշինյանին ապրիլի 22-ին ձերբակալելու և անհայտ ուղղությամբ տանելու գործում Օսիպյանը որոշակի մասնակցություն ունեցել է։ Բայց այդ հանգամանքը բոլորովին չի խանգարել ու թերևս նույնիսկ դրական ազդեցություն է թողել Փաշինյանի՝ նման որոշում կայացնելու վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031