Շուտով կառավարության առաջին նիստն է, որը վարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այս պահին կառավարությունում է, եւ քիչ առաջ ուղիղ եթերում ցուցադրեց ՀՀ վարչապետների աշխատասենյակը:
Մինչ այդ նա ասաց, որ եղել է ոստիկանությունում, որտեղ ներկայացրել է ոստիկանության նոր պետ Վալերի Օսիպյանին եւ եղել է ԱԱԾ-ում, որտեղ ներկայացրել է ԱԱԾ նոր նշանակված պետ Վանեցյանին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղյակ է, որ Վալերի Օսիպյանի նշանակումը սոցցանցերում որոշակի հարցեր է առաջացրել: Նա խոստացավ, որ այսօր այդ թեմային անդրադարձ կունենա:
Ցուցադրելով Կարեն Կարապետյանի նախկին աշխատասենյակը՝ Փաշինյանն ասաց, որ այն, ի տարբերություն Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի նախկին աշխատասենյակի, ավելի թեթեւ մթնոլորտ ունի: Սենյակում կար հեռուստացույց, պատերին՝ Մարտիրոս Սարյանի եւ այլ հեղինակների գեղանկարներ:
Փաշինյանը ցուցադրեց նաեւ չհրկիզվող պահարանները: Կարեն Կարապետյանի աշխատասենյակում նաեւ ննջարանային հատված կար՝ մահճակալ, պահարաններ, կոշիկները մաքրելու հարմարանք եւ այլն:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ցուցադրեց աշխատասենյակի սանհանգույցը, սառնարանը բացեց, որտեղ կիսատ տուփով պաղպաղակ էր, զովացուցիչ ըմպելիքներ, տոմատի հյութ եւ այլն: Փաշինյանը, տեսնելով հյութերն, ասաց. «Քանի որ կոկորդս լավ վիճակում չէ, ես սառը խմիչքներ չեմ օգտագործում, տեսնենք էս հազիս վերջն ինչ է լինելու»:
Փաշինյանն ասաց, որ կառավարությունում այսօր շատ անելիքներ ունի, նաեւ պետք է հեռախոսազրույց ունենա Վրաստանի վարչապետի հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Это не рукавадитель а клоун.