Ի շահ նոր Հայաստանի զարգացման բոլոր հիմքերը կան. թավշյա
հեղափոխությունը նոր հնարավորություն է ժողովրդավարության
հաստատման, ազատ-մրցակցային կանոններով շուկայական տնտեսություն ստեղծելու համար
Հեղափոխական էյֆորիան երկար չի տեւելու: Մեր հասարակությունը ոգեւորվող է, բայց միաժամանակ նաեւ՝ պահանջկոտ ու անհամբեր:
Նիկոլ Փաշինյանի ուսերին իսկապես ծանր բեռ է, իսկ ամենաբարդը դեռ առջեւում է: Նրա գործունեության հենց սկզբից հաջողելու հարցում կարեւոր է դրական մթնոլորտի, տրամադրության պահպանումը եւ բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը: Դա Փաշինյանի թիմի կողմից դրական հիմքերի հաստատման տեսանկյունից ցանկալի է՝ մեկնարկի համար:
ՀՀԿ-ն իշխանությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին՝ քաղաքակիրթ, անցնցում: Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, արժանապատիվ է հեռացել: Դա երաշխի՞ք է, որ մենք արդեն լիովին ձերբազատված ենք հնարավոր ցնցումներից: Իհարկե ոչ, նման երաշխիք չկա: Հետեւաբար հետագան կախված է լինելու Նիկոլ Փաշինյանից:
Ներսում սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին լուծումներ տալուց բացի՝ պակաս կարեւոր չէ, թե ինչպես է մեր երկիրն առաջ ընթանալու արտաքին քաղաքական ուղղությամբ: Հայաստանյան իրադարձությունները լուրջ խթան, հիմք են ոչ միայն ներսում իրական բարեփոխումների իրականացման համար, այլեւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ վարելու է հայամետ քաղաքականություն, նա կարեւորել է հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ առանց կտրուկ քայլերի: Ասել է թե՝ «եւ-եւ»-ի քաղաքականության շարունակում:
Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է, որպեսզի մենք մեկընդմիշտ ձերբազատվենք արատավոր մի բարդույթից: Մենք ուռճացնում ենք Ռուսաստանի ազդեցությունը հայաստանյան ցանկացած իրադարձության նկատմամբ: Մենք ինքներս սկսում ենք կասկածել մի բանում, ապա հավատում ենք այդ կասկածին՝ դա դարձնելով համոզմունք, ապա այդ համոզմունքի հիման վրա դատողություններ ու եզրահանգումներ ենք անում՝ այսպիսով մեր շուրջն ամեն ինչը կապելով Մոսկվայից մեզ ուղղված հայացքների հետ:
Նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ մշտապես իրենց հարցազրույցներում մի բան են շեշտում՝ «ռուսները երբեք ոչինչ չեն թելադրել մեզ», պարզապես մեզանից պահանջվում է նրբանկատ լինել, հասկանալ Ռուսաստանի շահը: Ըստ ամենայնի, դա իսկապես այդպես է: Այսինքն՝ նախկին պաշտոնյաների այդ պնդումներից կարելի է հասկանալ, որ մենք մեր մանեւրելու սահմանները ինքնակամ նեղացնում ենք նաեւ այն դեպքերում, երբ դրա կարիքը ամենեւին էլ չկա:
Հետեւաբար մեզանից պահանջվում է գծել սահմաններ, որոնք կծառայեն ի շահ Հայաստանի, սակայն միեւնույն ժամանակ հակասություններ չեն առաջացնի գործընկերների եւ դաշնակիցների հետ մեր հարաբերություններում:
Վերջին մեկ ամսվա իրադարձություններից հետո մենք ապրում ենք լիովին նոր Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի իշխանության կարեւոր խնդիրներից մեկը, որ արժե լուծել, թերեւս պետք է հետեւյալը լինի՝ անել ամեն ինչ, որպեսզի մենք այլեւս չընկալվենք «Ռուսաստանի կցորդ»: Մենք պետք է ձերբազատվենք դրանից, ու սա բոլորովին չի նշանակում բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ընդհակառակը՝ սա նշանակում է օգտվել նոր Հայաստանի ընձեռած նոր հնարավորությունից եւ կառուցել լիարժեք գործընկերային հարաբերություններ ռազմավարական դաշնակցի հետ՝ ընդունելով, նույնիսկ հաշվի նստելով նրա շահերի հետ, բայց չմոռանալով Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահը:
Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություն է ժողովրդավարության հաստատման, ազատ-մրցակցային կանոններով շուկայական տնտեսություն ստեղծելու համար: Մեր երկրում որոշակի ազատություններ կան, եւ դրանց առկայության պայմաններում տեղի ունեցավ իշխանության անցնցում փոխանցումը: Բայց պետք է հասնել ավելիին՝ խորհրդարանական կառավարման համակարգը տալիս է այդ հնարավորությունները:
Հայաստանի նկատմամբ, ակնհայտ է, բավական դրական վերաբերմունք է ձեւավորվել գրեթե ողջ աշխարհում: Այդ վերաբերմունքը հնարավոր է ծառայեցնել ի շահ Հայաստանի զարգացման՝ մեր պետությունը ներդրումների համար գրավիչ դարձնելուց մինչեւ տարածաշրջանային նախաձեռնող խաղացողի, կայուն ու վստահելի գործընկերոջ իմիջի հաստատումը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 11.05.2018
Համայն աշխարհում ո՞րմէկ հայը պիտի չցանկանայ որ Հայաստանը հաւասարէ-հաւասար յարաբերութիւններ ունենայ, որեւէ երկրի հետ: Սակայն նա, իր իսկական, քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուժով եւ կարողութեամբ, հաւասա՞ր է Ռուսաստանին… Զգացականօրէն, քնարերգական հռետորական հաճելի թռիչքներով, անշուշտ թէ կարող ենք ասել՝ բա ո՜նց, եդ ի՞նչ խօսք է… ոչ միայն հաւասար ենք, ոչ, այլ աւելի՛ զօրեղ ենք…
Թէ որ այդ մակարդակի վրայ պիտի տեղաւորենք նիւթը… ուրեմն յաջողութիւն ձեզի… միայն թէ, եթէ պատերազմ լինի, յիշենք թէ ով ինչ կարծիքի էր… les écrits restent, ինչպէս կ’ըսեն
Լաւ եմ հասկանում նաեւ այն տեսակէտը թէ՝ Ռուսաստանն ալ մեր կարիքը ունի, Հայաստանին պէտք ունի: Այստեղ եւս, եթէ մէկդի դնենք bluff-ի, առեւտրական «ճարպիկութեան» կամ հայրենասիրական կուրութեան բաժինը, ճիշդ մեր ինչի՞ն կարիքը ունի Ռուսաստանը…
Տնտեսապէս ենթա-զարգացած, միջազգային չափանիշներով ամէն դէպքում՝ աննշան ռեսուրսներով, աշխարհի քարտեսին վրայ հազիւ երեւցող, յաճախ չնշուած անգամ երկիր մըն ենք:
Ռազմականօրէն, անշուշտ թէ մեր բանակին կարիքը չունի նա, այլ միայն Հայաստանում տեղաւորած իր ռազմական դիրքերուն: Զորս կարող է պահել, նոյնիսկ երբ որ Արցախը վերադառնայ ադրբէջանին – աշխարհագրութեան այդ կողմը կարեւորութիւն չունի Ռուսաստանին համար – , եւ մնացեալ Հայաստանն ալ վափշե քայքայուի: Նոյնպէս ռազմականօրէն, Հայաստանը նաեւ իրեն համար buffer-zone մըն է, zone-tampon մը, NATO-ին եւ իր միջեւ… Դա ել կարող է պահել եւ օգտագործել, թէկուզ քար քարի վրայ չմնայ եւ մարդ ել չմնայ Հայաստանում..
Ինչի՞ մասին է խօսքը… Ծանիր Զքեզ…
Ես էապէս պաշտում են Հայաստանը: Սակայն սա է այժմու Հայաստանը: Եւ շատ աւելի հարազատ եւ դիմացկուն է այն սէրը որ կոյր չէ, որու առարկան անիմաստօրէն չէ իդէալացուած: